Օրերս որոշ կայքեր վկայակոչելով Mirror-ը կամ ռուսական «Վեստին», անդրադարձել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սենսացիոն հայտարարությանը. Հռոմի պապն ասել է, որ եթե վաղը իրենց մոտ գան կանաչ աչքերով ու մեծ ականջներով մարսեցիներ ու հանկարծ նրանցից մեկն ասի, թե ցանկանում է մկրտվել, եկեղեցու դռները չեն փակվի նրա առաջ: Ըստ նույն աղբյուրի, Ֆրանցիսկոսի խոսքերով, իր համար միևնույնն է, թե քանի շոշափուկ կլինի իրեն մեկնված ձեռքի վրա, ինքը միևնույնն է՝ կսեղմի այն:
Aravot.am-ը Աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանին խնդրեց մեկնաբանել Հռոմի պապի հայտարարությունը՝ որպես աստղագետ:
«Աստղագետները կարծում են, որ այլ քաղաքակրթություններ կան, ուրիշ բան է, որ չեն հայտնաբերվել, այնպես որ Հռոմի պապի այդ հայտարարությունը այնքան էլ հեռու չի իրականությունից: Իսկապես կարեւոր է, որ այլմոլորակայինների հանդիպման ժամանակ բարեկամական մթնոլորտ լինի, ոչ թե թշնամական, քանի որ ձեռք սեղմելը հենց այդ ժեստն է նշանակում, ուղղակի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատկերավոր է արտահայտվել:
Երբ տարբեր կրոնների կամ ազգերի ներկայացուցիչները թշնամանում են՝ դա ամենավատ բանն է, վերջիվերջո բոլորն էլ նույն բանին են հավատում, ուղղակի ամեն մեկը մի ձեւով է ձեւակերպել իր կրոնական համոզմունքները, բոլորը մարդիկ են, անկախ նրանից՝ ինչ արյուն է հոսում իրենց երակներով»,-նշեց աստղագետը:
Հավելենք, որ բրիտանական ԶԼՄ-ները կատակել են, թե այլմոլորակայինները դեռ չեն մեկնաբանել Հռոմի պապի հայտարարությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև