Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր վարչապետներն էլ պաշտոնը ստանձնելուց հետո հավաքում են խոշոր գործարարներին եւ մոտավորապես նույն տեքստն ընթերցում. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 15,2014 12:24

Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստերի դահլիճում փակ հանդիպում է ունեցել հանրապետության հարյուր խոշոր գործարարների հետ։ Ջավեշտն այն է, որ հանդիպման մասնակիցների համարյա կեսը ԱԺ պատգամավորներ են եղել՝ այն դեպքում, երբ օրենքով նրանք ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք չունեն։

Ներկա է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին (ով, հասկանալի է, բացառապես սեփական ուժերով է դարձել հարյուր խոշոր գործարարներից մեկը):

Մի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ հանդիպման ներկաների կազմն արդեն իսկ տեղով մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանությունները մինչեւ կոկորդը թաղված են կոռուպցիայի մեջ։ Բայց խնդիրը սա չէ։

Իրականում երեկվա միջոցառումն, իհարկե, հանդիպում չէր վարչապետի եւ գործարարների միջեւ։ Դա, կարելի է ասել, Հայաստանի փայատերերի ժողով էր, եթե կուզեք՝ «սխոդկա»։ Ընդ որում՝ Հովիկ Աբրահամյանն անընդհատ շեշտում էր, որ այդ հարյուր փայատերերից մեկն էլ ինքն է, եւ ինչի մասին խոսում էր՝ շեշտում էր, որ ինքն անձամբ հենց իրենից է սկսելու։

Ինչ վերաբերում է դահլիճի կազմին, ապա մոտավոր հաշվարկներով հենց այդ մարդկանց է պատկանում Հայաստանի մոտ կեսը (ասում ենք կեսը, որովհետեւ Սաշիկը ներկա չէր):

Ինչեւէ։ Հովիկ Աբրահամյանը ներկաներին կոչ էր անում անցյալը մոռանալ, «գիծ քաշել» եւ «հաշվարկները նորից սկսել»։ Պարզ ասած՝ սրանից հետո նորմալ հարկեր վճարել, իմանալ, որ արտոնյալներ չեն լինելու, եւ ըստ այդմ էլ կազմակերպել իրենց բիզնեսները։ Խոշոր գործարարներն էլ գլուխները տմբտմբացնում էին։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը։ Շատերը հակված են կարծելու, որ սա սովորական թամաշա էր եւ ոչ ավելին։ Բոլոր վարչապետներն էլ պաշտոնը ստանձնելուց հետո հավաքում են խոշոր գործարարներին եւ մոտավորապես նույն տեքստն ընթերցում՝ մեզանում դա հինավուրց, գեղեցիկ ավանդույթ է։ Ճիշտ է, արդյունքում ոչինչ չի փոխվում, բայց դա կապ չունի։ Կենացների ժամանակ հնչած բարեմաղթանքներն էլ համարյա երբեք իրականություն չեն դառնում, բայց դրանից կենացի «ինստիտուտը» չի վերանում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031