Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանտակերներն ու նրանց հետեւում կանգնածները. «Հայոց աշխարհ»

Մայիս 15,2014 12:19

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի դեմ հանդես եկող որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ըստ էության, չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը կամ նպատակներից մեկը Հայաստանում իրավիճակի ապակայունացումն է: Ու քանի որ դեսպանը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, հանդես է եկել սրա դեմ, հայտարարում են, թե դեսպանը բռնապետության ներկայացուցիչ է, այստեղ անելիք չունի։

Այդ գրանտակեր ՀԿ-ներն ու նրանց ներկայացուցիչները Իվան Վոլինկինի խոսքը գնահատում են որպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Նույնիսկ հայտարարում են, որ այդ խոսքերով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:

Զավեշտական է կամ միգուցե այլ գնահատականի արժանի, բայց հենց հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները շտապեցին հայտարարությամբ հանդես գալ, թե Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ: Սա ինչ-որ տեղ հիշեցնում է այն գողին, որը գողության պահին բռնվելով՝ բղավում է, թե ինքը գող չէ:

Ըստ էության, Արեւմուտքի գրանտներով գործող ու քաղաքականությամբ զբաղվող այդ ՀԿ-ները, եթե հայաստանյան իշխանությունները խոհեմ լինեն եւ համապատասխան օրենքում կատարեն այն փոփոխություններն ու լրացումները, ինչ ՌԴ իշխանությունները կատարեցին իրենց երկրի օրենսդրության մեջ, պետք է դիտվեն որպես օտարերկրյա գործակալներ, սակայն նրանք, օգտվելով այդ օրենսդրական բացից, հանդգնում են նույնիսկ հանդես գալ իբրեւ Հայաստանի ինքնիշխանության համար պայքարողներ:

Հայաստանի ճակատագրով մտահոգված լինելու հարցում այսօրինակ «հասարակական» կոչված կազմակերպությունների կեղծավորությունը, իրենց պորտալարով Արեւմուտքի հետ կապված լինելը եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելն է վկայում թեկուզեւ այն փաստը, որ նրանք ծպտուն անգամ չհանեցին Ղարաբաղի մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարության առնչությամբ: Մինչդեռ, ինչպես շատ ճիշտ նկատել ու մայիսի 8-ին լրագրողներին ասել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Ղարաբաղի մասին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը պետք է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունից ոչ պակաս բուռն արձագանք ունենար:

… Վերջում ընդամենը մի պարզ հարց` արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ներն ինչո՞ւ են այսպես աղմկում, ինչո՞ւ են խուսափում իրենց ֆինանսական մուտքերը եւ այդ գումարների ծախսը թափանցիկ դարձնելուց, իրենց պատասխանատվության բարձրացումից, եթե արտերկրից ստացած փողերը չեն ծախսում կեղտոտ կամ հայրենադավ նպատակներով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031