«Ստացվում է, որ ՀՀ-ն մանկուց երազել է մտնել Մաքսային միություն և հիմա աշխարհով մեկ է եղել, որ մտնելու է Մաքսային միություն: Բայց ազդանշանները Մաքսային միություն մտնելու առումով գալիս էին ոչ թե Հայաստանից, այլ Ռուսաստանի և Կիևի միջև գտնող մի տեղից>,-այսօր Կովկասի ինստիտուտի՝ Կովկասյան ակադեմիական շվեյցարական ցանցի աջակցությամբ անցկացվող «Կովկաս-2013» միջազգային գիտաժողովին, նկարագրելով Հայաստանը՝ 2013-ին, այսպիսի հայտարարություն արեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Մեր հարևանությամբ նստած՝ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, այս հայտարարությունը լսելով, թեթև ժպտաց:
Պարոն Իսկանդարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին կատարած ընտրությանը, նկատեց. «Սերժ Սարգսյանը ոչ մի ընտրություն էլ չի կատարել, և եթե այդ սենյակում ցանկացած լիներ ՀՀ այլ նախագահ, նա նույն ձևով իրեն կդրսևորեր»:
Ներքաղաքական տեսանկյունից Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանը բնութագրեց ընտրությունների տարի ու փաստեց, որ Հանրապետական կուսակցությունը շուտով կգրավի ողջ քաղաքական դաշտը և ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա. «Միակ մարդը, որ կարող էր մրցակցություն ապահովել նախագահական ընտրություններին, հրաժարվեց մասնակցել ընտրություններին` Գագիկ Ծառուկյանն էր, մյուսներն անում էին ամեն ինչ, որ 85 տոկոս ձայն չհավաքեն»:
Կովկասյան խաղաղության, զարգացման և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Գիյա Նոդիան խոսեց Վրաստանում տիրող իրավիճակի մասին. «Հույսերը, որ կապվում էին Իվանիշվիլիի հետ, այդպես էլ չարդարացան. կոռուպցիան, քսենոֆոբիայի երևույթները շարունակվում են»:
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից ճնշումների թեմային՝ Գիյա Նոդիան հայտնեց. «Կարծում էինք, որ լուրջ ճնշումներ կլինեն Ռուսաստանի կողմից արևմտյան կուրսի փոփոխության դեպքում, բայց չեղան»:
Կարդացեք նաև
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը խոսեց Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին՝ ընդգծելով քսենոֆոբիայի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խախտումների փաստը: Հետո էլ նշեց, թե ժողովրդավարության մասին Ադրբեջանում խոսել հնարավոր չէ ու նշեց. «Խնդիրը միայն այն չէ, որ իշխանությունները ճնշում են գործադրում, այլ այն, որ ընդդիմության դաշտում չկան վառ գործիչներ և ընդդիմությունն էլ առաջարկելու բան չունի»:
Այնուհետև անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ այն դիտարկելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում. «2013-ին հակամարտության վերաբերյալ քննարկումներն ակտիվացան: Տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը, որի արդյունավետությունը «զրո» եմ գնահատում: Չնայած նման հանդիպումները «ֆեյք» են համարում, բայց հանդիպման փաստն ինքնին կարևոր էր, քանի որ ավելի լավ է հարաբերությունները պարզել այդպիսի հանդիպումների ժամանակ, քան մարտի դաշտում»:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը պարոն Մարկեդոնովը այսպիսի բնութագրում տվեց. «Դա ընդամենը ուսանողներին Մադրիդյան սկզբունքները ներկայացնելու նման մի հայտարարություն էր: Փաստորեն, լինում է այնպես, որ առաջարկելու բան չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ