Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչ է առաջարկում Ջեյմս Ուորլիքը

Մայիս 15,2014 13:19

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն
Լարիսա Ալավերդյանը եւ միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Արամ Աբրահամյան.– Ջեյմս Ուորլիքի, իսկ այնուհետեւ համանախագահների հայտարարությունները պայմանավորված են պարզապես զինադադարի 20-ամյակո՞վ, թե՞ դիվանագիտական ջանքերն են ակտիվանում, լուծումներ են առաջարկում:

Լարիսա Ալավերդյան.- Ինձ թվում է` սա մի քիչ կապված է եւ ընդհանուր շփոթի հետ, ինչը մենք տեսնում ենք այն հարցերում, որոնք վերաբերում են ինքնորոշման իրավունքին` ինչքանով են օրինական կամ անօրինական այժմ Ուկրաինայում անցկացվող հանրաքվեները: Ինձ շատ զարմացրել է Անգելա Մերկելի եւ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, թե այդ հանրաքվեները անօրինական են: Դա ինքնորոշման իրավունք է, մարդու իրավունքներն ամրագրված են բոլոր միջազգային փաստաթղթերում, իսկ մենք գիտենք, որ մարդու իրավունքը, ի տարբերություն օրենքի, առաջնային է, եւ զարմանալի կլիներ, եթե մենք հակառակը ասեինք` օրենքով ստուգեինք իրավունքը:

Հովհաննես Իգիթյան.- Համաձայն եմ, նախ առաջինը` ուշադրություն դարձնենք Ուորլիքի հենց առաջին նախադասությանը, երբ ասաց, որ ինքը ելույթ է ունենում ոչ թե որպես Մինսկի խմբի համանախագահ, այլ ներկայացնում է ԱՄՆ պաշտոնական տեսակետը: Ես ենթադրում եմ, որ եթե որեւէ երկիր ունի տեսակետ, ապա նա չի սպասելու 20-ամյակին, 30-ամյակին, նա անմիջապես հայտարարում է դրա մասին: Երկրորդ` ինչո՞ւ հիմա. չեմ կարծում, որ այս տեսակետը ձեւավորվեց` ենթադրենք մայիսի 9-ի գիշերը, այլ դա ձեւավորվել է գուցե այս կամ անցած տարի: Երրորդ` իհարկե, պետք է նայենք այն իրադրությունները, որոնք ծավալվում են այսօր թե տարածաշրջանում, թե Ռուսաստանի շուրջ եւ թե աշխարհում: Ինչու Ամերիկան այսօր որոշեց, որ դա պետք է ասվի, ինչու համանախագահներից մեկը առնվազն որոշեց, որ պետք է հասարակությանը կամ պետություններին ներքաշի այս քննարկումների մեջ:

Ա. Ա.- Կա՞ր ինչ-որ նոր բան «Քարնեգի» հիմնադրամում Ուորլիքի ելույթում, թե՞ դա մոտավորապես այն է, ինչ խոսվում է 20 տարի շարունակ:

Լ. Ա.- Դրանք մադրիդյան սկզբունքներն են՝ երեւի թե ինչ-որ ձեւով խմբագրված, ես կասեի` ոչ լավ ձեւով խմբագրված: Մասնավորապես, Ուորլիքը հստակեցնում է, թե ինչ է նշանակում «Լաչինի միջանցքը»: Այդ «մադրիդյան սկզբունքները» ես թույլ եմ տվել ինձ տարիներ շարունակ անվանել երեւանյան անսկզբունքայնություն: Ես դեռ ՀՀՇ-ի դիրքորոշման առնվազն որոշ ձեւակերպումների հետ իմ անհամաձայնությունը այն ժամանակ էլ էի հայտնում որպես փորձագետ: Մասնավորապես, այն բանաձեւերը, որոնք վերաբերում են ազատագրված տարածքներին: Ժամանակին ես գիտեմ, որ ՀՀՇ-ն ուզում էր ավելի փոխզիջումային տարբերակ տեսնել, այսինքն՝ բոլոր դեպքերում ազատագրված տարածքները դիտարկել որպես առանձին կարգավիճակ ունեցող, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն իրեն հռչակել է անկախ 1991 թ.-ի հանրաքվեով եւ հունվարի 6-ին հաստատել է դա Գերագույն խորհրդով:

Ա. Ա.- 6 շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, կարգավիճակի հետաձգում, փախստականների վերադարձ` դա չէ՞ր ընդհանուր առմամբ` թե փաթեթային, թե փուլային, թե ընդհանուր պետության եւ թե մադրիդյան սկզբունքների առանցքում. առանցքը նույնն է:

Հ. Ի.– Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում, նայեք` ինչ է տեղի ունեցել այն ժամանակ. սկզբում եղել է Գերագույն խորհրդի որոշում, հետագայում նաեւ հանրաքվե: Եթե վերցնենք ՄԱԿ-ի այն 4 բանաձեւերը, որոնք այնպիսին չեն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը, բայց բոլոր դեպքերում 5-րդը, որ պատրաստում էին, ներկայացնում էր Հայաստանը որպես ագրեսոր, եւ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը հաստատեց, որ ահա այս տարածքում ենք մենք ինքնորոշումը իրականացնում, իսկ մնացած տարածքները անվտանգության գոտի են` Հայաստանին փրկել է ագրեսորի պիտակից: Ինչն է փոխվել մադրիդյան սկզբունքների, փուլայինի, փաթեթայինի եւ մնացածի հետ համեմատ` տոնայնությունը, որն ավելի իմպերատիվ է դարձել: Ուորլիքը չի ասում կողմերին` նստեք, մտածեք, այս կետը լավն է, կարող է ինչ-որ փոփոխություններ մտցնել, նա ասում է` որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մենք ունենք այս տեսակետը, գնացեք եւ իրականացրեք այն:

Լ. Ա.- Ինչի ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական իրավունքը նա չունի:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031