Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում կանգնեցնելու գաղափարը անհասկանալի եւ անբարոյական է համարում։
Հիշեցնենք, որ արխիվներից մեկում պահվում է Կատինում մի քանի հազար լեհ սպաներին գնդակահարելու մասին Անաստաս Միկոյանի ստորագրությամբ փաստաթուղթը։ Լեհաստանի դեսպանն ի պատասխան ասել է. «Այդ փաստաթուղթը վերաբերում է 22 հազար լեհերի գնդակահարությանը։ Ինձ եւ ձեզ հայտնի է մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Միկոյանը Մոսկվայի իշխանություններին խնդրում է ավելացնել գնդակահարության դատապարտված հայերի թիվը մի քանի հարյուր մարդով։ Հետեւաբար, իմ եւ հայերի վերաբերմունքը Միկոյանի նկատմամբ ակնհայտ է։ Քննարկում չի կարող լինել»։
«ՀԺ»-ի թղթակիցը դեսպանին խնդրել է հստակեցնել՝ նկատի ունի ակնհայտ բացասակա՞ն: «Իհարկե։ Կատինը՝ հանցանք էր մարդկության դեմ եւ որոշ գիտնականներ այն սահմանում են որպես ցեղասպանություն։ Հետեւաբար, Միկոյանի նման անձանց արձանը կանգնեցնելը, կարծում եմ, անբարոյական է, եւ ստեղծում է քաղաքական ու տնտեսական գաղափարների անհամաձայնություն։ Ցանկացած ազգի գործն է՝ կանգնեցնել այն մարդու արձանը, ում որ ինքը ցանկանում է։ Ես այստեղ ոչ մի ասելիք չունեմ։ Բայց խնդրում եմ, հարցրեք այն ընտանիքներին, որոնց հարազատները գնդակահարվել են ԽՍՀՄ տարիներին, թե ինչ են նրանք ցանկանում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև