2008 թվականից ի վեր Սերժ և Տիգրան Սարգսյանները, հիմա էլ Հովիկ Աբրահամյանը հայտարարում են Հայաստանում մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Այդ հայտարարություններն արվում են դեմքի լուրջ արտահայտությամբ, իսկ կասկածող հասարակությանն էլ մատուցվում են ինչ-որ օրենքի նախագծեր և տեխնոլոգիական նորամուծություններ, որոնք իբր թե պետք է Հայաստանում նպաստեն ազատական տնտեսական դաշտի ձևավորմանը:
Իսկ ի՞նչ է նշանակում ազատական տնտեսական դաշտ, իրապես ազատ տնտեսություն: Դա նշանակում է, որ Հայաստանում, ասենք, կարող է բիզնեսով անարգել զբաղվել ընդդիմադիր հայացքների տեր գործարարը և նաև իր բիզնեսի միջոցով իր աջակցությունը հայտնել համակրած քաղաքական ուժին, միանգամայն օրինական հիմունքներով: Կարո՞ղ էին արդյոք Սերժ և Տիգրան Սարգսյանները, և կամ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Հայաստանում այդպիսի տնտեսական միջավայր ձևավորել: Կարո՞ղ են արդյոք ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ քաղաքական հայացքը որևէ նշանակություն չի ունենում բիզնեսի հաջողության և կոմֆորտի համար: Հազիվ թե, որովհետև տնտեսական անազատությունը ներկայիս իշխանական համակարգի հիմքն է:
Տնտեսական ազատությունը իրական ազատության մյուս երեսն է. մի կողմում քաղաքացիա-իրավական ազատությունն է, մյուսում՝ տնտեսականը: Երկրում իրական ազատության հասնելու համար պետք է սկսել կա՛մ մեկ, կա՛մ մյուս ծայրից: Պատրա՞ստ է արդյոք այս իշխանությունը դրան: Դա նույնն է, ինչ պատրաստ լինել ազատ և արդար ընտրության: Ազատ, իրապես ազատ տնտեսությունն ազատ ընտրության պես մի բան է, հետևաբար ինչքան որ իշխանությունը ընտրակեղծիքների դեմ է պայքարում կամ պայքարելու, այնքան էլ կպայքարի տնտեսական ազատության, հավասար մրցակցային դաշտ ձևավորելու համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև