Շատ հաճախ մարդիկ փորձում են հաշվել տարատեսակ դժբախտ առիթների ժամանակ զոհված մարդկանց թիվը: Պատմաբաններ, ժողովրդագիրներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ… տարբեր մասնագիտության մարդիկ ամեն մեկն իր առջեւ դրված խնդրից ելնելով՝ տարբեր հաշվումներ ու եզրահանգումներ են անում: Օրինակ` այսքան միլիոն մարդ զոհվեց հայրենական պատերազմի ժամանակ, եւ մոլորակը փրկվեց ֆաշիզմից, այսքան հազար մարդ զոհվեց Հերոսիմա եւ Նագասակի քաղաքներում` Ամերիկան, անմեղ մարդկանց կյանքը կործանելով, աշխարհին ցույց տվեց ատոմային ռումբի պրակտիկ ուժը, կամ այսքան հազար մարդ զոհվեց 88-ի երկրաշարժի ժամանակ, իսկ անորակ շինարարության ոչ մի պատասխանատու չպատժվեց եւ այլն: Հաշվարկների թվերն ու դրանցից բխեցվող եզրահանգումներն ըստ նպատակների կարող են բավականին տարբեր լինել, եւ որքան պատմական անցքը հնանում է, այնքան աճում են թվային տարբերություններն ու դրանցով արվող անալիզները:
Սակայն որքան էլ բարձր ու հանճարեղ լինեն այս հաշվող մասնագետները, որոշ տիրույթներ կան, որտեղ ուղղակի անհնար է հաշվել զոհերի թիվը: Այսպես` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ողջ պատմական գոյության ընթացքում տարբեր ազգերից միլիոնավոր մարդիկ են զոհվել, որոնց թիվն անհնար է հաշվել: Խոսքն ամենեւին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ կամ դրանից առաջ ու հետո նույն մոտիվներով զոհված անմեղ մարդկանց մասին չէ: Մեծ հաջողությամբ կարելի է այս լուսահոգիների համար էլ մի հավաքական թիվ գտնել ու ցանկացած բխեցում անել` ըստ այդ թվի, եւ այդպես էլ արվում է: Խոսքն այն բազմամիլիոն զոհերի մասին է, որ ողջ-առողջ ապրում են մեր կողքին, բայց ինչ-որ ժամանակ մահացել է նրանց մարդկային տեսակը:
Այս առումով բավականին անհանգստացնող մտորումներ են առաջ գալիս, երբ, օրինակ, Երեւանում` նորակառույց ու հարմարավետ անձնագրային եւ վիզաների վարչությունում, բազմամարդ ու գարշահոտ հերթում տեսնում ես, թե ինչպես է արտաքուստ ազնիվ շինականի կերպարով մի զոհվածի կինը նրա ականջին բզբզում, թե ոնց չֆայմեցին հարեւանի գրկանոց էրեխեքից մեկին հետները բերել էստեղ, որ հերթում ներկայացնեին, թե հիվանդ երեխա է, ու տասնհինգ րոպե շուտ անձնագիր ստանային, երբ նրա զոհված ամուսինը, շարքում իրենից առաջ համեստ կանգնած մի քանի արեւմտահայերենով խոսողների հրմշտելով, վերջապես հայտնվում է բաղձալի սենյակում ու իր կրտսեր որդուց տասը տարի փոքր անձնագրավարուհուն ասում.
– Էս սիյրահայերը կերան մեզի, շեֆ ջան:
Աղետալին այն է, որ անկախության 20 տարիների ընթացքում հետխորհրդային բազմամիլիոն զոհերի այս բազմությունը մեծ մասամբ ոչ թե վերածնվում, վերադառնում է իրեն բնորոշ նախկին տեսակին, այլ ուղղակի պարզ ձեւով բազմանում է` իր պես զոհված սերունդներ տալով:
ԱՂԱՍԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Իսկ մի գուցե այս երևույթը ոչ մի կապ չունի ՍՍՀՄ-ի հետ: Դա մեր էությունն է, ապրելակերպը՛ որից մենք չենք կարող ազատվել: Գուցե այսպես է եղել նաև հազար տարի առաջ ,ինչ իմանաս: Համենային դեպս չեմ կարծում,որ նման իրավիճակը կրկնվեր հետխորհրդային Էստոնիայում կամ Լիտվայում:
Հետխորհրդային Էստոնիայում ու Լիտվայում էլ նացիստները ազատ երթեր են կազմակերպում, որն, իմ կարծիքով շատ ավելի վատ երևույթ է, եթե ժողովուրդը հանդուրժում է: Հարգելի խմբագիրն էլ երևի մոռացել է, որ “Հայրենական Մեծ պատերազմը” պետք է գրել մեծատառով:
Էլի սեփական աչքիդ գերանը թողած, որիշի աչքի փուշը տեսար..)))..
Ինչպես նաեվ խորհրդային Ռւսաստանում կամ Վրաստանում
Գենետիկորեն մոդիֆիկացվա՞ծ (փոփոխվա՞ծ, վերափոխվա՞ծ, ձեւափոխվա՞ծ) մեծամասնություն:
Այսօրվա Հայաստանի խնդիրների եւ դժբախտությունների 70 տոկոսից ավել գալիս է սովետական միությունից:Թե տնտեսական թե հոգեբանական Այն ժամանակ ատելություն կար մարդկանց մեջ դեպի սեփական երկիրը եւ այդ ատելությունը գալիս մինչեւ հիմա
Վայ թե դրա համար է Հայաստանում բնակչության 70%-@(ըստ վերջին սոցհարցման, «Ազատություն») ցանկանում վերականգնել սովետը?