Գյումրու Շիրակացի փողոցում անցած տարի օրը ցերեկով հնչած կրակոցների գործով այսօր դատարանը որպես վկա էր հրավիրել դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանին, ով ցուցմունք տվեց, թե կոնկրետ ինչի՞ց է մահացել հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Շեկոն` Արտյոմ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նրա սպանության մեջ այս պահին ամբաստանվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահեն:
Դատաբժիշկը տեղեկացրեց, որ Շեկոյի դիակը փորձաքննելիս, հայտնաբերել է նրա աջ նախաբազկի դեպի երրորդի միջանցիկ և աջ գոտկային շրջանի որովայնի խոռոչ թափանցող 8 հրազենային, գնդակային վիրավորումներ, որոնց հետևանքով առաջացած տրավմատիկ շոկն էլ հանդիսացել է մահվան պատճառը: Թե դատախազը, թե Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեցին, թե վիրավորվելուց հետո Շեկոն կարող էր ատրճանակով կրակել, «Քանի գիտակցությունը տեղն էր, կարող էր», -ասաց դատաբժիշկը: Հայկ Ալումյանը հարցրեց` ցանկացած գործողություն կարո՞ղ էր կատարել հրազենային վնասվածք ստացած վիճակում, թե սահմանափակումներ կան:
«Բանաստեղծություն չէր կարող գրել, բայց քայլել կարող էր», – ասաց դատաբժիշկը: Նրան դատարանը լրացուցիչ կհարցաքննի, քանի որ բժիշկը Հայկ Ալումյանի հարցերին խոստացավ պատասխանել միայն ուսումնասիրելուց հետո:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ