Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ուորլիքի նախաձեռնությունը եւ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը ունեն նույն տրամաբանությունը»

Մայիս 14,2014 22:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» ելույթը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Նրա ներկայացրած առաջարկները քննադատության ենթարկվեցին, համեմատություններ տարվեցին նախկինում համանախագահների ներկայացրած առաջարկների հետ:
Արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե ո՞րն է ավելի ձեռնտու հայկական կողմի համար` Ուորլիքի նախաձեռնությո՞ւնը, թե՞ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը:

«Ուորլիքի նախաձեռնությունը եւ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը ունեն նույն տրամաբանությունը, նույն հիմքերն ու մոտեցումները: Բայց անհնար է փորձագիտական մակարդակով համեմատել լրիվ տարբեր իմաստ ունեցող՝ սկզբունքներ/տարրեր եւ համաձայնագիր, ինչպես նաեւ եւ տարբեր նպատակների ուղղված փաստաթղթեր՝ «կարգավորման ուղիներ» եւ «զինված հակամարտության դադարեցում»: 1997-ին եռանախագահները հակամարտության 3 կողմերին ներկայացրել էին ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներ, այլ ամբողջական փաստաթուղթ՝ «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր» ամբողջական համաձայնագրի տեքստի հետ, որը զինված հակամարտության դադարեցում էր նախատեսում, այլ ոչ թե կարգավորում: Ուորլիքի նախաձեռնության եւ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակի վերաբերյալ մասնագիտական համեմատություն հնարավոր կլինի կատարել, երբ Ուորլիքի նախաձեռնության հիման վրա ստեղծվի համաձայնագիր, այսինքն` «ճանապարհային քարտեզ», որտեղ արդեն պետք է լինեն շատ կոնկրետ ձեւակերպումներ, ժամանակացույց: Դա լուրջ, բարդ ու շատ պատասխանատու բանակցություններ են, մանրակրկիտ ձեւակերպումներ, քանի որ «սատանան մանրուքների մեջ է»», նշեց մեր զրուցակիցը:

ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031