Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջուր պետք է խիստ նպատակային օգտագործվի. փոխվարչապետ

Մայիս 14,2014 21:03

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ եւ ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Սեւանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից, այն դեպքում, երբ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից: Մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ (որը նույնպես ջրառատ չէր) այս տարի գրեթե կրկնակի նվազել է ջրամբարների լցվածության մակարդակը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետն ընդգծեց Սեւանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի խիստ նպատակային օգտագործման եւ առավելագույնս խնայողաբար ջրառի իրականացման անհրաժեշտությունը:
Գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու հարցում փոխվարչապետը կարեւորեց ոռոգման համակարգի ընկերությունների կողմից կազմակերպված աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության արդյունքներով Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց.

• Մշտական մոնիթորինգ իրականացնել ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերաբերյալ:

• Բնակչության շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ իրականացնել, եւ ջրամատակարարման ռեժիմների, ջրապահովման, ջրի պահանջարկի մասին օպերատիվ կարգով տեղեկացնել ջրօգտագործողներին։

• Մայիսի 19-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ հաղորդագրություն հրապարակել՝ մանրամասն ներկայացնելով գնահատված ջրի պահանջարկը եւ կոնկրետ աղբյուրներից՝ Սեւանա լճից, Հրազդան գետից, ջրամբարներից կատարված ջրառի ծավալը:

Փոխվարչապետն ընդգծեց նաեւ շահագրգիռ բոլոր մարմինների միջեւ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն ու կարեւորեց մայիսի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցություն ժամանակ նախանշված բոլոր միջոցառումների՝ ողջ ծավալով կատարումը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031