«Մաքս-Գրուպ»-ի սեփականատիրոջ համոզմամբ, մրցակցային դաշտից բխում են մյուս խնդիրները
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե տարբեր ժամանակներում երկրի առաջին դեմքերը` նախագահը, վարչապետը, պարբերաբար, գործարարների նման հավաքներ են կազմակերպում` խոստանալով կանգնել բիզնեսի կողքին, ապահովել հավասար հարկային ու մրցակցային դաշտ, սակայն մեր երկրում այդպես էլ չի աշխատում հարկերը նորմալ վճարելու ինստիտուտը, «Մաքս-Գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը նույնպես ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այսօր գործարարների հետ կազմակերպած հանդիպմանը, ասաց. «Հետաքրքիր համաժողով էր, կարեւոր եւ հետաքրքիր հարցեր քննարկվեցին երկրի տնտեսության հետ կապված: Եվ, եթե ինչ-որ խոսում ենք, անենք, լավ արդյունքներ կունենաք»:
Մեր այն հարցին, թե այսօր որո՞նք են բիզնեսի զարգացման հիմնական խոչընդոտները, պարոն Մանուկյանն ասաց. «Հարկային դաշտի հավասարությունն է, ոչ թե ասելով, այլ բոլորը պետք է համոզված լինեն, որ հարկային դաշտը բոլորի համար հավասար է: Մրցակցային դաշտ ստեղծելու խնդիրն է եւ դրանից էլ բխում են մյուս բաղադրիչները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ