Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանական DAAD տեղեկատվական կենտրոնը 10 տարեկան է

Մայիս 14,2014 20:32

«Տասը տարին երկար ժամանակահատված է, որպեսզի հնարավոր լինի բարձրագույն կրթության բնագավառում առաջխաղացում ունենալ, նույնիսկ ամուսնությունն երբեմն այդքան երկար չի տեւում»,- այսօր՝ մայիսի 14-ին,  DAAD տեղեկատվական կենտրոնի 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը:

Նա նշեց, որ Հայաստանում հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում ընտրել իրենց համապատասխանող ճիշտ համալսարան եւ մանրամասն ուսումնասիրել ԳԴՀ-ում գործող համալսարանները եւ նրանց պայմանները: Դեսպանը հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է Հայաստանին աջակցել գիտական ոլորտում.

«Մենք Հայաստանին աջակցող տարբեր հաստատություններ ունենք, ունենք մի քանի կազմակերպություններ, այս տեղեկատվական կենտրոնը, որի տասնամյա հոբելյանն ենք տոնում»:

Հայաստանում DAAD տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը նշեց, որ չնայած այսօր իրենք նշում են կենտրոնի 10-ամյակը, դա չի նշանակում, որ իրենք 10 տարի են ներկա Հայաստանում. DAAD-ը 1990 թվականից են Հայաստանում, որից հետո կենտրոնի ներկայությունը Հայաստանում շարունակաբար աճել եւ ընդլայնվել է, իսկ 1996 թվականին առաջին DAAD դասախոսն է եկել Հայաստան. «Եթե 2004 թվականին 700 հազար եվրո ենք բաշխել, ապա այսօր՝ 2014 թվականին, 1.6 միլիոն եվրո ենք ծախսում բուհական, միջբուհական համագործակցությունը խթանելու համար»:

Նա նշեց, որ 2013-2014 թվականներին կենտրոնը աջակցել է հնէաբանությանը, երկրաբանությանը, ճարտարագիտությանը, ինֆորմատիկային, տնտեսագիտությանը լեզվաբանությանը, գյուղատնտեսությանը եւ այլ ոլորտներին. «Այսինքն՝ մեր ոլորտները բազմաթիվ են եւ ընդլայնված: Մենք հայտնի ենք Հայաստանում, գրեթե բոլորը ճանաչում են DAAD-ին, մեզ բոլորն այսպես են մեզ այստեղ անվանում, այս կարգավիճակը մենք վաստակել եւ նվաճել ենք: DAAD-ի դասախոսները ոչ միայն նպաստել են Հայաստանի առաջընթացին, այլ նաեւ մեծ ոգեւորությամբ եւ նվիրումով են խթանել նաեւ գերմաներենի տարածմանը»:

DAAD տեղեկատվական կենտրոնը Երեւանում հիմնադրվել է 2004 թվականին, այն անվճար տեղեկատվություն է տրամադրում Գերմանիայում ուսման եւ հետազոտման հնարավորությունների, ինչպես նաեւ կրթաթոշակային ծրագրերի եւ ֆինանսական օժանդակության վերաբերյալ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031