Լրահոս
Օրվա լրահոսը

 Կայացավ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառում և ցուցահանդեսի բացումը

Մայիս 14,2014 19:56

Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառում և «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի բացումը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, նկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ:

Ցուցահանդեսը կգործի մայիսի 14-16-ը Ռուսական արվեստի թանգարանում (հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք): Կներկայացվեն Արշիլ Գորկուց ազդեցություն կրած հայ նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի, Յուրա Հարությունյանի, Կարեն Աղամյանի, Շահեն Ասլանյանի, Վիգեն Թադևոսյանի, Սամվել Չիբուխչյանի, Հրաչ Վարդանյանի, Էդուարդ Հակոբյանի, Վահե Թևոսյանի, Վահագն Գալստյանի, Էդուարդ Վարդանյանի գործերը: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալություն հայտնելով Ռուսական արվեստի թանգարանի տնօրինությանը, «Արտ-Կովկաս» Արմենիա ասոցիացիային և Հայ կանանց միջազգային միավորմանը միջոցառման կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերելու համար՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Արշիլ Գորկին, ծնվելով և դպրոցական կրթությունը ստանալով Վանի հայկական դպրոցում, կարողացավ դառնալ Ամերիկայի նորագույն նկարչության մոդեռն ուղղություններից մեկի՝ վերացական արվեստի հիմնադիրներից: Նրա կտավներում աշխարհը տեսավ Հայոց Ցեղասպանությունը վերապրած հայի անսահման տխրությունը: Կարմիրի, ճերմակի և դեղինի համադրությամբ ծնված նկարներում մահվան տրամադրություններն են, իսկ «Ցեղասպանություն Եփրատի հատակին» անվամբ նկարը պարզապես հաստատում է Եղեռնի փաստը»:

Նախարարը ցավով նշեց, որ այսօր Արշիլ Գորկու մեծ ժառանգությունից միայն մեկ կտավ կա Հայաստանում, որը ցուցադրվում է Ազգային պատկերասրահում:
ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանում կա Արշիլ Գորկու անունը կրող դպրոց: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին՝ մեծ վարպետի գործերը հայ հասարակությանը մշտապես խորքային և համոզիչ մեկնաբանություններով ներկայացնելու համար:

Արվեստի վաստակավոր գործչի 70-րդ տարեդարձի, միևնույն ժամանակ Արշիլ Գորկու 110-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Շահեն Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

«Ի դեպ, Շահեն Խաչատրյանը նույնպես ծնվել է Սփյուռքում՝ Հալեպում և 1946թ. մեծ հայրենադարձության ժամանակ տեղափոխվել Հայաստան, – նշեց տիկին Հակոբյանը՝ հավելելով, – մենք միշտ հիացել ենք մեր մեծ նկարիչների աշխատանքներով հատկապես Շահեն Խաչատրյանի ներկայացմամբ»:
Այնուհետև Շահեն Խաչատրյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Ոստանիկ Ադոյանի՝ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: Ցեղասպանության սարսափների ականատես նկարչի ստեղծագործ հոգին իր անուրանալի դրոշմն է թողել յուրաքանչյուր կտավում:

Շահեն Խաչատրյանը ներկայացրեց նաև Արշիլ Գորկու կրտսեր քրոջ՝ Վարդուշի հուշերը նկարչի մասին: Նա նշեց, որ շուտով հայաստանցի արվեստասեր հասարակությունը նույնպես հնարավորություն կունենա հիանալ հայազգի մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու մի քանի գործերով, որոնք Հայաստանում ցուցադրվելու համար կտեղափոխվեն Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031