Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը` «կուտակայինի» մասին. «ՍԴ-ն ցանկացել է համ կույս մնալ, համ հաճույք ստանալ»

Մայիս 14,2014 19:41

«Կուտակայինի» մասին կառավարության ներկայացրած նոր նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք դեռ չեն որոշել, թե ինչպես են քվեարկելու երկրորդ ընթերցման ժամանակ: Նա նշեց, որ իրենք առաջարկներ են ներկայացրել և ըստ այդմ էլ՝ կորոշեն ինչպես քվեարկել:

ՀԱԿ ու ՀՅԴ խմբակցությունները ևս նամակ են ստացել ՀՊՃՀ մամլո խոսնակ Վերոնիկա Խորասանյանից, որտեղ ասվում է, որ իրենցից պահումներ են կատարվում ստիպողաբար: Մինչ այդ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում հայտարարել էր, որ իրենք ՀՊՃՀ-ի 100 աշխատակիցների անունից նամակ են ստացել: Ըստ նամակի, ՍԴ որոշումից հետո էլ ՀՊՃՀ-ում շարունակվում են պարտադիր պահումներ կատարել ու ստիպում են, որ իրենց համաձայնությունը հայտնեն այս համակարգին:

Ջհանգիրյանը նկատեց, որ Ազգային ժողովն այս օրենքը դեռ չի վավերացրել, ՍԴ-ի որոշումն էլ կա, սակայն իշխանություններն առաջնորդվում են «մինչև սեպտեմբերի 30-ը ինչքան շատ մարդ հավաքագրեն, այնքան լավ» սկզբունքով:

Պատգամավորը նկատեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ՝ անվավեր է ճանաչել օրենքի պարտադիր բաղադրիչը, ինչը նշանակում է, որ օրենքը չի գործելու, և չի կարող տարաժամկետվել. «Բայց քանի որ յոթերորդ կետում գրել է, որ տարաժամկետվում է, հիմա ինչքան էլ փորձենք մեկս մյուսին մեղադրել, հիմնական մեղավորը մեր փառապանծ ՍԴ-ն է, որը ցանկացել է հայտնի ասացվածքի համաձայն՝ համ կույս մնալ, համ հաճույք ստանալ ու դրել է մեզ այս վիճակի մեջ: Կառավարությունը հենվում է միայն տարաժամկետման հոդվածի վրա, իսկ ընդդիմությունն էլ միայն անվավերի ու տարաժամկետ չլինելու վրա:Ես ուղղակի կոչ եմ անում, որ մեզանից յուրաքանչյուրը չտեսնի այն, ինչ իրեն ձեռնտու է»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը սկզբունքայնություն է պահպանելու եւ քվեարկելու է այնպես, ինչպես առաջին ընթերցման ժամանակ` ձեռնպահ: «Ժառանգությունը» եվս սկզբունքային կմնա` դեմ կքվեարկի:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով էլ՝ այսօր բոլոր բուհերում ու դպրոցներում պարտադիր կերպով պահումներ են արվում: «Ուզում եք ձգեք, ձգեք ու մինչև սեպտեմբերի 30-ը ձեր պլանը լուծեք: Հովիկ Աբրահամյանն ասում է՝ պարտադիրը հանվել է, ես էլ ասում եմ՝ պարտադիրը կիրառվում է, շատ ավելի լայն թափով»,- ասաց պատգամավորը եւ դիմեց գործատուներին. «Մի՛ խեղճացեք, ու դիմում գրեք, մի մուծեք, եթե ձեզ պարտադրում են»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ դիմեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որ արգելի կրթօջախներում պարտադիր կերպով պահումներ կատարել: «Ուրեմն պետք է փոխվի պետական մարմիների վարքագիծը: Դիմում եմ ԿԳ նախարարին, որ ոչ միայն կիրարկի այդ շրջաբերականը, և հայտարարի, որ որևէ գործատու իրավունք չունի քաղաքացու նկատմամբ որևէ ճնշում գործադրել ու փոխանցումներ անել: Խնդրում եմ նույն հայտարարությունը նաև դուք անեք այս ամբիոնից»:

Հարցի հիմնական զեկուցող` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ամփոփիչ ելույթում նշեց, որոր քաղաքացու դիմումի հետ կապված օրենքի նախագծն ընդունվում է օրենսդրական հիմք, որ այդ կարգի դիմումները գործնականում լուծում ունենան: Նախարարը նկատեց, որ ՍԴ-ի որոշումը կերպ են մեկնաբանում կողմերը, և այս նախագծի մեջ առաջարկվող փոփոխությունը հենց միտված է տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալուն:
Քվեարկությունը կլինի վաղը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031