Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ Հովիկ Աբրահամյանի` գործարարների հավաքի մասին. «Ի՞նչ է, մինչեւ այդ հարկերը չէի՞ն հավաքում»

Մայիս 14,2014 18:31

Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ խոշոր բիզնեսը իշխանության շրջապատն է հիմնականում

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ խոշոր հարկատու գործարարների հանդիպումից հետո, որը տեղի էր ունենում փակ պայմաններում,
հարցին, թե ի՞նչ են քննարկել վարչապետի հետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որը «ՄԱՊ» գործարանի սեփականատերն է, «168 ժամ»-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկվել է բոլոր գործարարների կողմից հարկային պարտավորությունները կատարելու մասին:

Aravot.am-ը, մեջբերելով պատգամավորի մտքերը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե գործարարը եւ վարչապետը անուղղակի չե՞ն փաստում, որ խոշոր բիզնեսը խուսափում է հարկերը վճարելուց եւ մեծամասամբ ստվերում է գործում:
Պարոն Խաչատրյանի խոսքերով. «Այդ մարդկանց պետք չէ հավաքել ու ասել` հարկեր տվեք, այդ մարդկանց, ուղղակի պետք է հնարավորություն տալ աշխատել եւ այնպիսի հարկային դաշտ ունենալ, որ բոլորն այդ հարկային դաշտում տեղավորվելով, հարկերը վճարեն եւ չկարողանան հարկերից խուսափել: Այսինքն` ի՞նչ է, մինչեւ այդ չէի՞ն հավաքում, ինչո՞ւ չէին հավաքում, արտոնություննե՞ր ունեին ինչ-որ մարդիկ, թե հարկային դաշտն էր վատը»:
Վարչապետի հավաքը Վահագն Խաչատրյանին հիշեցնում է «ադմինիստրատիվ ոճով իշխանություն կամ կառավարում իրականացնելը»:
Տնտեսագետի պատկերացմամբ, գործարարների հետ հանդիպման հիմնական նպատակը պետք է լիներ այն, որ ե’ւ նրանց, ե’ւ քաղաքացիներին մեսիջ ուղարկվեր, որ փոխվել է քաղաքականությունը եւ այսուհետ չկան արտոնյալներ, որ օրենքը բոլորի համար է գործում, որ գոյություն ունի մրցակցային դաշտ. «Բայց այս ամենը, ընդամենն իմ մոտեցումներն են, ոչ իշխանության կամ կառավարության, որովհետեւ այսօրվա կառավարության եւ իշխանության սկզբունքներն այլ են, նրանց պետք են արտոնություններ, արտոնյալ մարդիկ, հարկային դաշտում գտնվող մարդիկ, նրանց հարկավոր է ոչ մրցակցային դաշտ, որպեսզի իրենց ցանկություններն իրականացնելու համար կարողանան այդ ամենը կառավարելի դարձնեն: Այսօրվա հանդիպումից որեւէ ակնկալիք չկա, բացի նրանից, որ ընդամենը ճշտեցին այն, ինչ-որ գիտեինք»:

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ փակ ժողովից հետո կարծիք է հայտնել, որ խտրականություն չպետք է դնել, եւ որ ստվերն ամենուր է՝ ե’ւ խոշորում, ե’ւ փոքրում, պարոն Խաչատրյանը նկատեց. «Ստվերը լինում է այնտեղ, որտեղ որ թույլ են տալիս: Ներտեսությամբ եւ պրակտիկ կյանքում դրանք լրիվ տարբեր տեսություններ են խոշորի ստվերը եւ փոքրի ստվերը: Նույնիսկ, փոքր բիզնեսի ստվերն, ինչ-որ տեղ, մեր նման երկրներում կարելի է հանդուրժել` հաշվի առնելով, որ դա ամենակարեւոր մի նպատակ պետք է ունենա, փոքրը հիմնականում աշխատատեղ ու սոցիալական հարց պետք է լուծի, իսկ խոշորի խնդիրն այլ է, ամեն դեպքում, որի ստվերը ինչ վնաս է տալիս, կամ որի ստվերի ազդեցությունը որքան է պետության վրա, դրանք էլ են տարբեր, այնպես որ այդ մոտեցումը չեմ կիսում»:
Մեր այն հարցին էլ՝ եթե վարչապետն ուզում էր, առհասարակ, բիզնեսի խնդիրներին անդրադառնալ, ինչո՞ւ էր միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին հավաքել, Վահագն Խաչատրյանն ասաց. «Դե եթե հարցը գնում է, որ պետք է փող հավաքեն, որ պետք է հարկեր վճարեն, դրա պատճառով կարծում եմ, եւ հետո մի մոռացեք, որ դա իշխանության շրջապատն է հիմնականում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031