Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաշագործություններով հայնտի Ս. Ավետարանը բերվեց եկեղեցի

Մայիս 14,2014 17:10

Այսօր՝ մայիսի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրվա առթիվ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր Ս. Ավետարանը: Հավատացյալները թափորով դիմավորեցին 13-14-րդ դարերին թվագրվող Ս. Ավետարանը:

Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Զգոն քահանա Աբրահամյաննն էր:

Հավատացյալները մինչև երեկոյան ժամերգությունը կարող էին իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերել այս սրբությանը:

Զորավոր Ավետարանը

ԱՀԹ-ի Զորավորը Ս. Աստվածածինը Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբնապես այն կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել է Զորավոր Սուրբ Աստվածածին: Զորավոր բառի երկու բացատրություն կա: Ըստ մի վարկածի եկեղեցին զորավոր է կոչվել այստեղ հանգչող Ս. Անանիա առաքյալի հրաշագործ մասունքների շնորհիվ: Նրա անունը կրող մատուռը հայտնի ուխտատեղի է: Ս. Անանիայից բժշկվելու բարեխոսությունը խնդրելու են գալիս ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրացի՝ հատկապես՝ հույն և ռուս ուխտավորներ:

Մյուս վարկածը կապված է Զորավոր Ավետարանի հետ: Այն այնքան մեծ զորություն է ունեցել, որ նրա հետ կապված բազում հրաշքներն են պատմվում:
Սմբատ Գունդստաբլի (1208-1276) Ավետարանի հետ ունեցած մանրանկարչական նմանությունը և գրչությունը ենթադրել են տալիս, որ այն գրվել և նկարազարդվել է Կիլիկիայում, 13-14-րդ դարում: Ձեռագիրն այժմ ունի 292 մագաղաթյա թերթ, 23,5×17,7 մեծությամբ: Նկարներից շատերը պակասում են, կտրված են որոշ խորաններ:
14-րդ դարի վերջին ձեռագիրը բերվել է Երևան: Լենկթեմուրի առաջին արշավանքի շրջանում Երևանցի Վիշապիկի որդի Հակոբը գնում է սույն Ավետարանը: Հակոբը մագաղաթյա Ավետարանի վերջում ավելացրած երկու թերթի վրա Բջնիի և Այրարատի Մանուել եպիսկոպոսին գրել է տալիս ձեռագրի գնման ու ընծայման պատմությունը, և ապա նվիրում է Երևանի Երկուերեսանի Ս. Նշան եկեղեցուն:
Ավետարանն, ի պատիվ ընծայողների, կոչվում է «Վիշապկենց Ավետարան» և մի քանի դար մնում է այդ եկեղեցում:

15-րդ դարի վերջին Երևանի Երկուերեսանի եկեղեցու սպասավոր և Ավետարանը նորոգող Ներսես Մոկացին հավաստում է, որ «Վիշապկենց Ավետարանն» այդ ժամանակ արդեն հռչակված էր իր զորությամբ, և բազմաթիվ երևանցիներ ականատես էին եղել նրա «բժշկության զորությանը»: Ավետարանը Երկուերեսանի եկեղեցում արդեն «Զորավոր Ավետարան» է կոչվել:

Հետագայում Զորավոր Ավետարանը տեղափոխվել է Ս. Անանիա առաքյալի անապատում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի, և նորակառույցը հռչակավոր Ավետարանի անունով հայտնի է դարձել որպես «Զորավոր» եկեղեցի:
Այն մի քանի անգամ հիմնահատակ լինելուց և որպես Սուրբ Աստվածածին վերակառուցվելուց հետո շարունակում է կոչվել Զորավոր: Այդպես էր կոչվում նա նույնիսկ այն ժամանակ, երբ «Զորավոր» ձեռագիրը բացակա էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց: Այդպես է կոչվում եկեղեցին ցայսօր:
Ս. Մովսես Տաթևացի

Ս. Մովսես Գ Տաթևացին (1578-1632) (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես՝ Մովսես Գ Սյունեցի) ծնվել է Սյունիքի Խոտանան գյուղզում: Մահացել է Երևանում և ամփոփվել է Կոզեռնի մատուռում՝ Կոզեռն ու Մելքիսեթ Վժանեցի վարդապետների կողքին: Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 1629- 1632թթ։

Կրթություն ստանալով Տաթևի վանքում՝ 1592 թվականին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606 թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ 1610 թվականից Երուսաղեմում դարձել է Ս. Հարություն տաճարի լուսարար։ 1613 թվականին վերադառնում է Տաթև, մտնում Սյունյաց Մեծ անապատ։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։

Մոտ 1620 թվականին Երևանում քարոզում է Ս. Կաթողիկե եկեղեցում, վերաշինում Երևանի Ս. Անանիա առաքյալի անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները։ 1623 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս, 1626 թվականին մեկնում է Սպահան։ Պարսից շահ Աբբաս I-ը, 1627 թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ Ս. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոնի և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Ս. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ 1628 թվականի սկզբից հիշատակվում է որպես «ընտրեալ կաթողիկոս», պաշտոնապես օծվում է 1629 թվականի հունվարի 13-ին։

Ս. Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ։ Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացնում է Արևելյան Հայաստանի ավերված մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնում ու բարվոքում եկեղեցիներն ու վանքերը։

Ս. Մովսես Տաթևացին Հայ եկեղեցու սրբադասված վերջին սուրբն է: Նրա անունը Ս. Գրիգոր Տաթևացու հետ հիշատակվում է Ս. Պատարագի ընթացքում:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031