Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրատեսիլն ու «Կոնչիտան»` լակմուսի թուղթ

Մայիս 14,2014 17:47

Նախաբան

Հատկապես վերջին տարիներին հաճախ էինք լսում, թե Եվրատեսիլն ամբողջովին քաղաքականացված մրցույթ է, թե՝ ճիշտ կլինի հրաժարվել ու այլևս չմասնակցել: Նման դժգոհություններ հնչում էին, թե Հայաստանից, թե Ռուսաստանից, գուցեև՝ այլ երկրներից;
Անկեղծորեն ասած, երբ Ռուսաստանը առաջին տեղը զբաղեցրեց, Ռուսաստանում վստահ էին, որ Դմիտրի Բիլանը արժանի էր, երբ Սիրուշոն 4-րդ տեղը գրավեց, հայերս չէինք պնդում, թե քաղաքական որոշում են կայացրել: Բնական է, հաղթողը երբևէ չի դժգոհում, թե արդար չեն դատել:

Բայց այս տարվա մրցույթի քաղաքականացված հայտարարություններն ավելի վաղ էին սկսվել. պատճառը՝ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան էր: Անգամ առանց լսելու նրա կատարումը, համոզված պնդում էին շատերը, թե «Եվրոպան այլևս այն չէ, Եվրոպայում այլևս չկան այն բարձր արժեքները, որոնց ժամանակին ձգտում էին շատերը» կամ «Եվրոպան վաղուց այլևս հետին պլան է մղել համամարդկային արժեքները, առաջնայինը Եվրոպայում Կոնչիտա երևույթն է , Եվրոպական արժեքն այլևս այլասերվածությունն է» և այլն:

Վերջին տարիներին, Եվրատեսիլն ավելի ազնիվ ու արդար, ավելի «ոչ քաղաքականացված» դարձնելու համար, գնահատման նոր համակարգ ներդրվեց: Հիմա շարքային քաղաքացիների գնահատականներին ավելացել է հատուկ՝ մասնագիտական ժյուրիի գնահատականը՝ 50-50 համամասնությամբ: Տեսնենք՝ դրանից ավելի ազնիվ ու արդար դարձե՞լ են արդյունքները: Սկսենք հենց Հայաստանից՝ քանի որ, ինչպես ասում են՝

«Բժիշկ, բժշկիր զինքդ.

Մինչև Եվրատեսիլի եզրափակիչ փուլի սկիզբը կարելի՞ էր կանխատեսել, թե Հայաստանի քվեարկության արդյունքներով ով կգրավի վերջին տեղը: Միանշանակ. Դիլարա Կազիմովան, Ադրբեջանից: Բնական է. դե որքան էլ «ոչ քաղաքականացված» լինենք, ինչպե՞ս կարելի է Ադրբեջանին վերջին տեղը չտալ: Ի դեպ՝ այստեղ ժողովուրդն ու ժյուրին համակարծիք են, երկու ցուցակում էլ ադրբեջանուհին գրավել է «պատվավոր» 25-րդ տեղը:
Ընտրյալ ժյուրիի գնահատմամբ՝ վերջից երկրորդ տեղը գրավում է ավստրիացի (ուհի՞) Կոնչիտան (երևի նրանց կարծիքով «Կոնչիտայից» վատ, կարելի է միայն «ադրբեջանցուն համարել): Բայց այստեղ արդեն մի փոքր յուրահատկություն կա՝ ժողովրդի գնահատականներով՝ մեզ մոտ Կոնչիտան 2-րդն է: Դժվար է հավատալ, որ Հայաստանից միայն «Կոմայգու ընտրազանգվածն» է քվեարկել: Ուրեմն մեր ժողովուրդը կամ երաժշտությունից ոչինչ չի հասկանում կամ՝ ժյուրիից ավելի հանդուրժողական է:
Լավ Ադրբեջանն ու Կոնչիտան հասկացանք, իսկ ո՞վ է վերջից երրորդը՝ ըստ մեր արհեստավարժ ժյուրիի: Բնականաբար՝ Հունգարիան (դուք չէի՞ք, որ Սաֆարովին Ադրբեջանին հանձնեցիք): Չորրորդը Շվեդիան է (պատկերացնո՞ւմ եք,համարձակվել էին բուքմեյքերների գրանցած վարկանիշով Արամ MP-3-ից առաջ անցնել): Հինգերորդը, ըստ մեզ, հավերժ ադրբեջանամետ քաղաքականություն վարող Մեծ Բրիտանիան է, վեցերորդը՝ Ուկրաինան (դե՝ գնացեք ու ձեր դեսպանին Հայաստանից հետ կանչեք):
Իսկ ինչպե՞ս է վերաբերել այս երկրներին ժողովուրդը: Կոնչիտայի մասին արդեն ասացինք՝ երկրորդն է, Շվեդիան՝ երրորդը, Ուկրաինան՝ 7-րդը, Հունգարիան՝ 10-րդը (պատկերացնո՞ւմ եք, եթե մեր աչալուրջ ժյուրին չլիներ, Հունգարիան Հայաստանից միավոր էր տանելու, ազգային մտածողություն չկա…):
Պատկերն, ինչպես ասում են՝ այնքան էլ լավատեսական չէ, բայց ձեր տրամադրությունը վերջնականապես չփչացնելու համար՝

Հիմա՝ ուրախ լուր

Այս ենթավերնագիրը փոխառել եմ մեր մարզական մեկնաբաններից՝ «Հիմա՝ ուրախ լուր. Ադրբեջանի հավաքականը 7:1 հաշվով պարտություն է կրել» (Կա նաև դրա անեկդոտային տարբերակը՝ իբր դարդերս քիչ էին, հարևանս էլ
«Բենթլի» առավ…): «Մխիթարվելու» համար՝ վերլուծենք Ադրբեջանի քվեարկության արդյունքները: Ո՞վ է գրավել վերջին տեղը՝ ընտրյալ ժյուրին ու ժողովուրդը այստեղ միահամուռ են. իհարկե՝ Արամ MP-3-ը: Կոնչիտայի գործե՞րը ոնց են. ժյուրիի գնահատմամբ՝ նախավերջինը, ժողովրդի կարծիքով՝ երրորդը: Հետաքրքիր է, իսկ Հունգարիային ինչպե՞ս են վերաբերում. Ժյուրի – 3-րդ, ժողովուրդ՝ 4-րդ: Այսինքն՝ պատկերը գրեթե հայելային է Հայաստանի հետ ու հենց այս հայելային տարբերությունն էլ հուշում է, թե որքան նման ենք մենք իրար …
Միակ նկատելի տարբերությունն այն է, որ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, ժյուրիի ու ժողովրդի գնահատականները (բացի Կոնչիտայի պարագայից) շատ քիչ են տարբերվում: Ուրեմն՝ մեր ժողովուրդն ավելի ազատ ու հանդուրժողական է:

Там у них другие мерки…

Այնուամենայնիվ՝ ինչպե՞ս գնահատել Կոնչիտայի հաղթանակը: Նույնիսկ ինձ համար՝ հարցը միանշանակ չէ: Մի կողմից, ես չեմ պատրաստվում Ռեմբո ու Վեռլեն չկարդալ, հեղինակների «գենդերային» պատկանելության պատճառով, կամ հրաժարվել Չայկովսկու և Էլթոն Ջոնի երաժշտությունից, մյուս կողմից էլ դեմ եմ նման երևույթների այսօրինակ քարոզչությանը կամ ժամանակակից լեզվով ասած՝ PR-ին: Բայց ծայրահեղական մոտեցումն ու քննադատությունը հաճախ ավելի վտանգավոր են ու հակառակ ազդեցություն են թողնում, ինչպես ասում են՝ «սև PR-ը, նույնպես PR է»:
Իսկ առավել վտանգավոր եմ համարում Եվրոպաֆոբների՝ արդեն հոդվածի սկզբում մեջբերած տեսակետները՝ «Էս չի՞ ձեր Եվրոպան», «Եվրոպա եք ուզում, որ բոլորս Կոնչիտա դառնա՞նք»: Ակամա հիշում եմ Վլադիմիր Վիսոցկու երգը՝ արտասահման մեկնելուց առաջ հատուկ «ինստրուկտաժ» անցած բանվորի մասին՝
…Там у них другие мерки,
не поймешь – съедят живьем.
И все снились мне венгерки
с бородами и ружьем.
Այ քեզ բան… Մի՞թե Վիսոցկին կանխատեսել էր Կոնչիտայի հաղթանակը, հատկապես, որ երկար տարիներ Հունգարիան ու Ավստրիան՝ միասնական երկիր էին՝ Ավստրոհունգարիա:

Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031