Ս.թ. մայիսի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ Պոտսդամում (Գերմանիա) մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ԱՅՍԱՖ առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման և ապահովման հայեցակարգը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:
Համաժողովի շրջանակներում Լևոն Այվազյանը և ԳԴՀ ՊՆ ռազմավարության և գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման և ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ