Դպրոցական «Վերջին զանգին» հաշված օրեր են մնացել: Եվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հորդորում է շրջանավարտներին տոնական միջոցառումների ընթացքում զերծ մնալ անհարկի ճոխություններից ու, ինչպես նա բնորոշեց, անճաշակություններից և պատանեկան տարիքին ոչ հարիր դրսևորումներից:
Պարոն Աշոտյանը չի պատրաստվում արգելել տոնական միջոցառումները, ավելին՝ նա աբսուրդ է համարում նման մոտեցումը. «Պատկերացրեք, որ ես ձեզ հետ միասին նույն դասարանում եմ սովորում,- ասում է նախարարը,- Հանկարծ գալիս է ինչ-որ մի կրթության նախարար ու ասում՝ այս տարի «Վերջին զանգ» չկա: Ի՞նչ կանենք մենք միասին այդ կրթության նախարարի որոշումը»:
Պարոն Աշոտյանը միանգամայն բնական է համարում այն, որ տասներկու տարի միասին սովորած մարդիկ ուզում են իրար հետ նշել, նրա բնորոշմամբ՝ կյանքի այդ հսկայական նշանակություն ունեցող փուլը, ուզում են շնորհակալ լինել ուսուցիչներին, դասղեկին. «Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ,- ընդգծեց Ա. Աշոտյանը,- Ես դեմ չեմ, որ ինչ-որ մի նվեր տան տնօրենին, դասղեկին, բայց անպայման չէ, որ այդ նվերներն ունենան արտասահմանյան տարադրամով երկզրո կամ եռազրո արտահայտումներ: Նման տեսակի դրսևորումները չէ, որ «Վերջին զանգը» դարձնում են հիշվող: Իմաստը դրսևորումների չափի, ձևի, որակի մեջ է: Ճոխություններ, անճաշակություններ, քաղքենիություն, «օլիգարխիկ խաղեր», ավելորդ ծախսեր, ոսկեղեն և, առհասարակ, ռաբիս դրսևորումներ պետք չեն»:
Ինչ վերաբերում է շրջանավարտների՝ այդ օրվա անվտանգությանը, ԿԳ նախարարն ասում է, որ արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, որ այդ օրը շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն շրջանավարտներին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև