Համաժողովը տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ:
Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան «Ժողովրդավարության ձեւավորման հեռանկարները տեղական ինքնակառավարման համակարգում եւ կանանց մասնակցության ակտիվացման հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողով էր հրավիրել:
Համաժողովը տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ:
«Կանանց ներուժի ներգրավումը քաղաքական, տնտեսական եւ հասարակական գործընթացներում, որոշումների կայացման բոլոր մակարդակներում եւ հատկապես տեղական ինքնակառավարման համակարգում, անկասկած, արգասաբեր կլինի Հայաստանի կայուն զարգացման համար»,-նշեց Համալսարանական կրթությամբ ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը:
Նա նշեց, որ կանայք տղամարդկանց հետ համատեղ պետք է ընտրեն երկխոսության, փոխադարձ հարգանքի, համագործակցության, ժողովրդավարությանն ու խաղաղությանն աջակցելու ուղին:
Կարդացեք նաև
«Ներկա համաժողովի անվանման մեջ արդեն արտահայտված է քննարկվող հիմնահարցի ողջ էությունը` կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների ապահովման միջոցով տեղական ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելու հիմնախնդիրների քննարկմանը, որը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր անհատի` թե կնոջ, թե տղամարդու, ինքնադրսեւորվելու եւ իր ողջ ներուժը նվիրաբերելու երկրի առաջընթացին»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս կարեւորեց համաժողովի անցկացումը:
«Ուրախ եմ, որ մեր մարզում գենդերային խնդիրներն առաջին մակարդակի վրա են գտնվում, եւ սա մեզ ոգեւորում է, նաեւ պարտավորեցնում, որպեսզի մենք էլ ավելի աչալուրջ վերաբերմունք ունենանք մեր կանանց նկատմամբ»,-նշեց Լոռու մարզպետը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ