Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը՝ դատարանում. «Ոստիկանությունը խառը կռիվ չի անում»

Մայիս 14,2014 16:43

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Սիփան Փաշինյանի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Ա. Միրզոյանի նախագահությամբ:

Նշենք, որ դատավորի կողմից խոչընդոտվեց մեր մասնագիտական գործունեության մաս հանդիսացող տեսագրության և լուսանկարահանման իրավունքը՝ մեզ թույլ չտալով լուսանկարել՝ մերժելով պատասխանող կողմի միջնորդությունը՝ թույլատրել լրագրողին կատարել իր մասնագիտական պարտականությունները:

Հիշեցնենք, որ Սիփան Փաշինյանը բերման է ենթարկվել, քանի որ նա հայցվոր կողմի ներկայացմամբ՝ հրաժարվել է կատարել ոստիկանի իրավաչափ պահանջը, երբ մասնակցում էր Երևանի քաղաքապետարանի առջև օգոստոսի 24-ին բեմականացված ներկայացման՝ կինոդիտմանը:

Պատասխանող կողմի՝ Սիփան Փաշինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանդես եկավ հակընդդեմ հայցով՝ ճանաչել ոչ իրավաչափ Երևան քաղաքի վարչության ոստիկանների գործողությունները, որը դրսևորվել է՝ այդ թվում՝ Սիփան Փաշինյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների միջամտության ձևով: Արտակ Զեյնալյանը պնդեց, թե տեղի է ունեցել Սիփան Փաշինյանի՝ կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի միջամտություն ոստիկանության ներկայացուցչի կողմից, որը եղել է ոչ իրավաչափ: Օրինակ՝ նրան առնվազն երեք ժամ զրկել են հավաքին մասնակցելու իրավունքից, զրկել խոսքի ազատության իրավունքից, անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտել: Նա տեղեկացրեց, թե Սիփան Փաշինյանը ցանկացել է իրականացնել խաղաղ հավաք բեմականացման ձևով, ինչը արգելվել է:

Aravot.am-ի հետ զրույցում Սիփան Փաշինյանը նշեց, թե իրենք անգամ չեն էլ հասցրել մասնակցել բեմականացմանը, քանի որ երբ Կոմիտաս 5-ի գործով ակցիային մասնակցելուց հետո հասել են քաղաքապետարան, այնտեղ արդեն 5-6 ակտիվիստ է մնացել, բոլորին բերման էին ենթարկել:

Արտակ Զեյնալյանը պնդեց, որ ակցիայի ժամանակ ոստիկանների թիվը գերազանցել է հավաքի մասնակիցների թիվը: Այս հարցում առարկություններ ուներ հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը:

Վեճի մյուս առարկան այն էր, թե բեմականացում քաղաքապետարանի դիմաց եղել է, թե՝ ոչ: Ոստիկանության ներկայացուցիչը ընդունեց, որ բեմականացում այդպես էլ չի կայացել: Այնուհետև նշեց, թե նախօրոք չի տրվել բեմականացման մասին տեղեկատվություն՝ արդարացնելով, թե քաղաքապետարանի մուտքը թատերական բեմահարթակ չէ:
Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ արդյոք ուժ կիրառվե՞լ է Սիփանի նկատմամբ, Սոնա Մելիքյանը նշեց, թե ձեռնամարտի հնարքներ չեն կիրառվել, այնուհետև նշեց. «Ոստիկանությունը խառը կռիվ չի անում»:

Դատավորը հարցրեց՝ ի՞նչ էր անում Սիփան Փաշինյանը: Սոնա Մելիքյանը պատասխանեց՝ աղմուկ, աղաղակ, հրմշտոց, փորձել է ճեղքել ոստիկանության շղթան: Պահանջ է ներկայացվել չգոռալ, դադարեցնել վիրավորական արտահայտությունները: Այնուհետև նշեց. «Դա ավելի շատ ամբոխի վերածված երևույթ էր»:
Այնուհետև պատասխանող կողմը ներկայացրեց տեսանյութ, որտեղ երևում էր, որ թույլ չէին տալիս իրականացնել բեմականացումը:

Նշանակվեց դատաքննություն, դատարանը որոշեց դատական նիստը նշանակել 2014-ի հուլիսի 1-ին, ժամը 11:30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031