Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Սյունիքի թիվ 37 ԸԸՀ-ից` այսօր ժամը 15-ին կայացած նիստի ժամանակ Գորիսում առաջադրված քաղաքապետի բոլոր 4 թեկնածուները գրանցվել են, ինքնաբացարկ հայտնողներ չեն եղել:
Շրջանառվող լուրերի համաձայն` կանխատեսվում էր, որ Արա Բուդաղյանը ինքնաբացարկ կհայտնի` ի պաշտպանություն երիտասարդ գործարար, մեկ այլ թեկնածու Տիգրան Կարապետյանի: Սակայն քիչ առաջ Արա Բուդաղյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց, որ որոշել է ինքնաբացարկ չհայտնել, շարունակել ընտրապայքարը մինչեւ վերջ:
Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում երկու մտերիմ ընկերների` իր եւ Տիգրան Կարապետյանի, միաժամանակյա մրցակցությունը մեկ պաշտոնի համար, նա պատասխանեց. «Նորմալ, չենք խանգարում իրար», -ասաց պարոն Բուդաղյանը: Իսկ Արա Բուդաղյանի ներկայացուցիչ Ռոբերտ Հակոբյանը հավելեց, որ Արա Բուդաղյանի կողմնակիցները, աջակիցներն են պահանջել, որպեսզի թեկնածուն շարունակի իր պայքարը մինչեւ վերջ: «Մենք գնալու ենք մինչեւ վերջ` Տիգրան Կարապետյանի հետ ձեռք ձեռքի բռնած, իրար չենք խանգարելու: Կարծում եմ՝ ինչ-որ մի պահի ընտրազանգվածը կմիանա իրար, հետո պարզ կդառնա, իսկ այժմ առանձին-առանձին են գործելու», -ավելացրեց պարոն Հակոբյանը:
Իսկ մեր այն հարցին, թե Արա Բուդաղյանն իր առաջադրմամբ ցանկացե՞լ է ձեռնոց նետել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` պայմանավորված անցած տարի Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ, զրուցակիցս չժխտեց եւ նշեց, որ նաեւ այդ հանգամանքը կա: «Պետք է այդ արատավոր երեւույթն արմատախիլ անել այս ձորից, դա է մեր խնդիրը: Կարծում եմ՝ վերջում կմնա երկու ուժեղ թեկնածու` Արա Բուդաղյանը եւ Տիգրան Կարապետյանը: Գորիսի ժողովուրդն է որոշում, ժողովուրդը նայում է, թե ում կողքին ով է կանգնած: Նույնիսկ ՀՀԿ-ի անդամների գերակշիռ մասը կանգնած է Տիգրան Կարապետյանի եւ Արա Բուդաղյանի կողքին: Այս երկու մարդկանց կողքին կանգնած է Գորիսի լավագույն ընտրազանգվածը, մաքրամաքուր մարդիկ, ՀՀԿ-ի մաքրամաքուր անդամները եւ այլն», – ավելացրեց Ռոբերտ Հակոբյանը եւ վստահություն հայտնեց, որ հաղթող են դուրս գալու այս ընտրապայքարում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 21-ից եւ կավարտվի հունիսի 6-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ