Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան՝ Մաքսային միության անդամները կարող են ներդրումներ կատարել Հայաստանի ճանապարհային եւ էլեկտրաէներգիայի ոլորտում

Մայիս 14,2014 16:11

«Հայաստանն այսօր մեծ հետաքրքրություն է ցուցաբերում աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ինտեգրացիոն ծրագրերին, եւ հնարավոր է, այն իր ազդեցությունն ունենա տարածաշրջանային ներքին քաղաքականության վրա»,- այսօր՝ մայիսի 14-ին, տեսակամուրջի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Տեսակամուրջի թեման էր «Եվրասիական ինտեգրում՝ մաքսային միությունից դեպի տնտեսական միությունում»:

Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է տրանսպորտային կիսաշրջափակումը, եւ դա էլ լուծում պահանջող հիմնական հարցերից մեկն է, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման պայմաններում Հայաստանը այսօր ամբողջովին կախված է Վրաստանով եւ Իրանով անցնող տարանցիկ գոտիներից:

Պարոն Զաքարյանի խոսքերով՝ Մաքսային միության անդամ հանդիսացող երկրները կարող են ներդրումներ կատարել Հայաստանի ճանապարհային եւ էլեկտրաէներգիայի ոլորտում, քանի որ ճանապարհային բարելավումները կօգնեն Հայաստանին դուրս գալ շրջափակումից. «Ներկայումս Հայաստանի համար կարեւոր գործընթաց է տեղի ունենում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը ժամանակի հետ կարող է բերել արդյունավետ ճանապարհային կապ: Եթե դա կատարվի, ապա Հայաստանը դուրս կգա ճանապարհային փակուղուց եւ կդառնա տարանցիկ երկիր եւ ուղիղ ճանապարհային մուտքի հեռանկարներ կունենա Հարավային Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներ»:
Ի պատասխան Արտակ Զաքարյանի՝ «ԵվրԱզԷս»-ի Գործարար խորհրդի վարչական-ֆինանսական տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը նշեց, որ ներկայումս Եվրասիական ինտեգրացիայի խորացումը նպաստում է ոչ միայն առանձին պետությունների զարգացմանը, այլ դա փոխշահավետ գործընթաց է. «Չի կարելի ասել, որ Հայաստանը որոշակի շահույթ է ստանում եւ այդտեղ գործն ավարտվում է. մնացած բոլոր մասնակիցների բիզնեսը համապատասխան օգուտ եւ շահույթ է ստանում այդ գործընթացից»:

Այն հարցին, թե ինչպիսի՞ն է հայ հասարակության վերաբերմունքը Եվրասիական ինտեգրացմանը, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը պատասխանեց, որ տարբեր կազմակերպություններ հարցումներ են կատարել, որի արդյունքում պարզ է դարձել, որ հայերն ունեն ռուսամետ դիրքորոշում: Այդ հարցումների համաձայն՝ 45-ն անց մարդիկ ավելի շատ են կողմ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացին, քան մինչեւ 25 տարեկան երիտասարդները:

Նա նշեց, որ իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, որ հայ հասարակությունը տեղեկանա ինտեգրացիոն գործընթացների մասին, կազմակերպում են կոնֆերանսներ Հայաստանի մարզերում. «Այս բոլոր միջոցառումներն ուղղված են լուծելու մի մեծ խնդիր՝ ոչ մի դեպքում Եվրասիական ինտեգրացումը չվերածել քաղաքական վերնախավի, գործարար վերնախավի նախագիծ, այլ՝ այն դարձնել հասանելի հասարակ մարդկանց, քանի որ հակառակ դեպքում՝ հասարակությունը չի աջակցի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031