Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մի թայֆան եկել է և մյուս թայֆային ոչնչացնում է»

Մայիս 14,2014 15:39

«Հիմա մի թայֆան եկել է և մյուս թայֆային ոչնչացնում է՝ զուտ ֆինանսական լծակների առումով։ Դա անընդունելի տակտիկա է»,- այսօր Aravot. am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`անդրադառնալով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Խոսքը ձեռնարկությունների պարտադիր աուդիտը վերացնելու մասին է:

Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ այս իշխանությունը չի առաջնորդվում՝ «սա նպատակահարմար է, թե ոչ, օրինական է, թե ոչ» սկզբունքով, այլ առաջնորդվում է` «սա իմն է, թե իմը չէ» սկզբունքով։

Aravot.am-ի դիտարկմանը`չե՞ք կարծում, որ այս կառավարությունը փորձում է սրբագրել Տիգրան Սարգսյանի «բացթողումները», մեր զրուցակիցը չհամաձայնեց: «Այսինքն, հետեւությունները, որոնք պետք է արվեին դեռ Տիգրան Սարգսյանի օրոք, արվում են հիմա, երբ Տիգրան Սարգսյանը չկա՛։ Դա ցույց է տալիս, որ այս իշխանության համար օրինականության, արդյունավետությամբ առաջնորդվելու չափանիշներ գոյություն չունեն։ Գոյություն ունեն իշխանական լծակները սեփական հարստացման համար օգտագործելու չափանիշներ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ–ը համարում է, որ խոշոր ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտը շատ լուրջ գործիք է, որը գործում է ԵՄ բազմաթիվ երկրներում, և դա շատ կարեւոր է թափանցիկությունն ապահովելու, ներդրողների համար լավ միջավայր ստեղծելու համար. «Բայց ի՞նչ եղավ մեզ մոտ։ Տիգրան Սարգսյանն այդ գործիքը դարձրեց իր դուքյանը։ Նա այդ պարտադիր աուդիտի ինստիտուտը հաստատեց, բայց առանց պատասխանատվության՝ ուղղակի մի քանի իր ընկեր կամ քավոր-սանիկ հարաբերությունների համար ապահովելով շուկա եւ գումար աշխատելու հնարավորություններ։ Հիմա եկել է մի այլ կառավարություն, որը այդտեղ սեփական, անձնական շահ չունի եւ միանգամից այդ ինստիտուտը վերանայեցին՝ առանց մտածելու այն մասին, որ վերացվում է իրականում օգտակար պոտենցիալ ինստիտուտ, որը պոտենցիալում կարող էր լինել ճիշտ, եթե չափանիշներ տրվեին, սահմանվեր պատասխանատվության ինստիտուտը»։

ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այդ նախագծին։ «Անգամ այս վիճակում, որ մենք տեսնում ենք, կլանների պայքար է գնում, շատ կարևոր է այս օրենքը պահպանել թեկուզ նրա համար, որ ինչ-որ հակակշիռներ լինեն մեր տնտեսական դաշտում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, խորհրդարանի առավոտյան նիստում, հարցի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, քանզի այն ենթադրում է հարկային բեռի թեթեւացում:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ տարակուսեց, որ այս միջանկյալ լուծումներով կառավարությունն առավել բարդ իրավիճակ է նախապատրաստում եւ զարմացավ, թե ինչո՞ւ առկա խնդիրների լուծումը փաթեթային տարբերակով չեն ներկայացնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քառյակի ապագայի վերաբերյալ Լեւոն Զուրաբյանի զրույցի մանրամասները`կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031