Լրահոս
Օրվա լրահոսը

«21-րդ դարում քաղցկեղի հայտնաբերումը դատավճիռ չի կարելի համարել». Խաչանուշ Հակոբյան

Մայիս 14,2014 15:21

Աշխարհում կանայք ամենաշատը մահանում են կրծքագեղձի քաղցկեղից: Հայաստանում նույնպես կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը մեծ է:

Հայ -ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի տվյալների համաձայն՝ անցյալ տարի իրենց կենտրոնի 185 հազար այցելուներից 9000 կանանց մոտ հետազոտություն անցնելուց հետո հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: «Նրանցից 4 հազարը եկել էին բժշկի՝ ուղղակի ստուգվելու նպատակով եւ հայտնաբերել էին քաղցկեղը զարգացման փուլում: Այդ 4000 կանայք էլ վաղ շրջանում կանխարգելելով քաղցկեղը՝ հիմա առողջ են: Իսկ հետազոտություն անցածներից մոտ 5 հազարի մոտ արդեն հիվանդությունը եղել է քայքայման փուլում»:

Տիկին Հակոբյանի խոսքերով՝ եթե քաղցկեղը լինում է քայքայման փուլում, ապա բժիշկը այդ պարագայում ոչինչ չի կարող անել. «Այս պարագայում բժիշկը, ցավոք, չի կարող օգնել կնոջը՝ ապրել երկար կյանքով, որովհետեւ քայքայման փուլում բժիշկը չի կարող արդյունավետ բուժում ցույց տալ: Դրա համար մենք հորդորում ենք կանանց հիշել, որ իրենք պարտավոր են տարեկան մեկ անգամ անցնել հետազոտություն»:

Կենտրոնի տնօրենի հավաստմամբ՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանխարգելել. «Եթե ուռուցքը չի հասցրել ամբողջովին ձեւավորվել, ապա բժշկական չնչին միջամտության շնորհիվ, ասեղային լոկալիզացիայի միջոցով, հնարավոր է դառնում կնոջ կրծքից հեռացնել փոքր քաղցկեղը, որի արդյունքում կնոջ կյանքին այլեւս վտանգ չի սպառնում»:

Նրա պնդմամբ՝ վաղ փուլում քաղցկեղի հեռացումը գրեթե 100 տոկոսով փրկում է կնոջ կյանքը: «21-րդ դարում քաղցկեղի հայտնաբերումը դատավճիռ չի կարելի համարել, մանավանդ որ այն զարգացման վաղ փուլում է»:

Տիկին Հակոբյանը հայտնեց, որ կրծքագեղձի քաղցկեղ ունենում են նաեւ տղամարդիկ: «Սակայն նրանք չեն պատկերացնում, որ դա կարող է լինել հենց քաղցկեղ: Բժշկին ուշ են դիմում եւ հենց ուշ դիմելու պատճառով էլ դժվար է դառնում նրանց կյանքը փրկել: 15 տարիների ընթացքում տղամարդկանց քաղցկեղի 37 դեպք ենք ունեցել»:

Տիկին Հակոբյանը փաստեց, որ 15 տարի առաջվա համեմատ՝ բավականաչափ մեծ թվով կանայք սկսել են զբաղվել իրենց առողջությամբ: «Ուրախալի փաստ է այն, որ օրական մեզ այցելող կանանց մոտ 30 տոկոսը ուղղակի գալիս են ստուգվելու նպատակով: Միայն այս դեպքում է, որ կարող ենք հայտնաբերել քաղցկեղը եւ վիրահատության միջամտությամբ հասնել արդյունքի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031