Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ վերջին տարիներին Հայաստանում աճել է չամուսնացած մարդկանց, միայնակ մայրերի թվաքանակը եւ ոչ լրիվ ընտանիքների թվաքանակը:
Ընտանիքի միջազգային օրվա մասին խոսելիս, պրն Ադիբեկյանը մի քանի տվյալներ ներկայացրեց. «2010-2013 թվականների տվյալների համաձայն, Հայաստանում 750 հազար ամուսնացած, մոտ 50 հազար բաժանված եւ 182 հազար այրի կին կա: Երբեք ամուսնացած չեն եղել 320 հազար կին: Հայաստանում ներկայիս տվյալներով ամուսնացած է տղամարդկանց 68 տոկոսը, իսկ կանանց՝ 58 տոկոսը»:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում միայնակ մայրերի թիվը բավականին աճել է, միայնակ կանայք կազմում են ամուսնացած կանանց 15 տոկոսը եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանում կա 125 հազար միայնակ մայր: «Եթե երեխան ծնվում է եւ չունի հայր, դա նրա սոցիալականացման համար լուրջ խնդիր է հանդիսանում: Տղաների 18 տոկոսը մեծանում է մոր խնամքի տակ: Եթե մի սերունդ հետո տեսնենք սեռական խանգարումների, հարբեցողության, թմրամոլության կտրուկ աճ, ապա դա կլինի այն պատճառով, որ երեխաները դաստիարակվել են առանց հոր ներկայության»:
Պրն Ադիբեկյանը փաստեց, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում ապահարզանների թիվը կայուն է եւ կազմում է ամուսնությունների 15 տոկոսը: Սակայն պրն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում ավելի շատ լինում են թաքնված ապահարզաններ, այսինքն` զույգը բաժանված է, սակայն ապրում է միեւնույն տանիքի տակ:
Կարդացեք նաև
Պրն Ադիբեկյանը վերը նշված տվյալները մտահոգիչ է համարում: Ընտանիքի պահպանման համար առաջարկում է մեծացնել պետության դերակատարությունը. «Այսինքն` պետք է խրախուսվի երեխայի ծնունդը եւ գումար վճարվի երեխայի ծնունդի դիմաց : Պետք է դպրոցներում մտցվեն առարկաներ, որոնք պետք է վերաբերեն ընտանիքի պլանավորմանը»:
Պրն Ադիբեկյանը նաեւ առաջարկում է ընտանիքի ամրապնդման համար՝ զույգերի միջեւ անգամ չնչին խնդիրների առկայության դեպքում, դիմել ամուսնական կյանքի ճգնաժամերի լուծումների համար հատուկ մասնագետների, հոգեբանների: «Փորձը ցույց է տալիս, որ մասնագետներին դիմողներից 100-ից 80-ը ետ են կանգնում ապահարզանի իրենց որոշումից եւ չեն բաժանվում, միայն 20 տոկոսն է, որ արդեն ճարահատյալ, ելնելով իրավիճակից, բաժանվում են»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ