Ազգային ժողով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի մասին որոշ պատգամավորներ բացասական կարծիք են հայտնել, նշել են, որ այնուամենայնիվ, պարտադիր բաղադրիչն այդ փաթեթով վերացված չէ, իսկ որոշ պատգամավորներ էլ պնդում էին, որ պարտադիրը կասեցված է:
Այսօր Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեց մեկնաբանել, թե, ի վերջո, նոր փաթեթն ի՞նչ է նախատեսում եւ պարտադիր բաղադրիչը մնո՞ւմ է, թե ոչ:
Նախարարի խոսքերով` նոր փաթեթն այս պահին տալիս է խնդիրներին միջանկյալ լուծումներ, եւ ամենակարեւորը` կամարտահայտության հնարավորություն՝ պարտադիր կուտակային մասնակիցների համար. «Մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը կատարող ապահովող փաթեթն ընդունելը, ժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը, եւ ամբողջական փաթեթը, բոլոր խնդիրների լուծումներն ապահովելով, նշված ժամկետում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Այս փուլում հստակ լուծվում է հետեւյալ խնդիրը` այն ժամանակահատվածում, մինչեւ օրենքը ընդունվելը, կուտակային վճարներ չկատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվի, ովքեր վճարումները կատարել են, դրանք կենսաթոշակային հաշիվներին են եւ պետական մասնակցությունը շարունակվելու է, այդ թվում` բոլորի համար, եւ այդ գումարներն աշխատելու են ի օգուտ պարտադիր կուտակային համակարգի մասնակցի: Պարտադիրի կամ ոչ պարտադիրի գաղափարն այս փուլում չի քննարկվում: Մենք ունենք օրենքով արձանագրված նորմ, որը հուսով եմ, երկրորդ ընթերցումով էլ կընդունվի, դա հնարավորություն է տալիս այն քաղաքացիներին, ովքեր այս փուլում գտնում են, որ Սահմանադրական դատարանի որոշումով իրենց աշխատավարձից պահում չպիտի կատարվի, դիմում պետք է ներկայացվի եւ չի պահվի: Դուք հասկանում եք, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջացավ երկու բեւեռացված մեկնաբանություն, եւ այս օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա այս խնդիրը լուծել, ինչը այս կարճաժամկետ հատվածում մեր նպատակն էր: Իսկ ամբողջական մոդելի հետ կապված օրենքների նախագծերի փաթեթը կներկայացվի Ազգային ժողով եւ կքննարկեն»:
Հարցին էլ, թե ինչո՞ւ է պետական հատվածը շարունակում կուտակային կենսաթոշակային վճարումներ կատարել, պարոն Ասատրյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշման այն կետը, որը պետության մասնակցությանն է վերաբերում, հակասահմանադրական չի ճանաչվել եւ պետական միջոցները ուղղվելու են քաղաքացիների հաշիվներին:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ