Լրահոս
Օրվա լրահոսը

Փակվող «Գյումրու տեխնոպարկ»-ը ձեր իմացած «Գյումրու տեխնոպարկը» չէ

Մայիս 14,2014 14:49

«Թյուրիմացություն է տեղի ունեցել, այդ լուծարվող հիմնարկի անունը, նույնպես, «Գյումրու տեխնոպարկ է», բայց այն «Գյումրու տեխնոպարկի» հետ ոչ մի կապ չունի, պարզապես, անուններն են համընկել: «Գյումրու տեխնոպարկ» անունով 2006 թվականին հիմնարկ է բացվել, որը հիմա լուծարվում է եւ որը ոչ մի կապ չունի Գյումրու տեխնոպարկի հետ»,-Aravot.am-ի հարցին, թե «Գյումրու տեխնոպարկի» լուծարումը ինչպե՞ս կանդրադառնա ՏՏ ոլորտը գերակա ճյուղ հայտարարած մեր երկրի հեղինակության վրա, այսպես պատասխանեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա. «Լուծարվող «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն ոչ մի իրավական կամ բովանդակային առնչություն չունի «Գյումրու տեխնոպարկի» հանրահայտ ծրագրի հետ, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի եւ մասնավոր հատվածի համատեղ ջանքերով եւ ներդրումներով: Հավաստիացնում ենք, որ «Գյումրու տեխնոպարկի» ծրագիրն իրականացվում է բնականոն ձևով եւ բացարձակ վտանգված չէ»:

Նշենք, որ վաղը կառավարության նիստում, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացնելու «Գյումրու տեխնոպարկի» բաժնետերերի ընդհանուր ժողովի`ընկերության լուծարման մասին որոշումը, ինչը, երեկվանից լրատվամիջոցներում քննարկման առարկա է դարձել: Տեխնոպարկի փակման մասին որոշումը տեղադրված է կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում, որտեղ նաեւ նշված է, որ «Գյումրու տեխնոպարկ»-ի փակմանն արդեն իրենց հավանությունն են տվել արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարները, ՊԵԿ-ը:

Ըստ Արման Սահակյանի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում քննարկման առարկա Է դարձնել մինչեւ 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար եւ առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031