Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը բացառում է վերադարձը նախկինում գործող կրթական համակարգին

Մայիս 14,2014 14:43

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց վերջերս շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ-ն կվերադառնա միջնակարգ կրթությանը, և ավագ դպրոցները կվերանան: Նա այդ մասին, մասնավորապես, ասաց. «Ինչ ես դարձել եմ նախարար, այսինքն՝ 2009 թվականից սկսած մինչ օրս, մենք կրթության բնագավառում շարունակում ենք այն քաղաքականությունը, որի նպատակն է ստեղծել որակյալ, եվրոպական ստանդարտների հետ համադրելի կրթական համակարգ, որը կլինի նաև մատչելի ու արդյունավետ: Մենք բացառապես առաջնորդվում ենք այն ցանկությամբ, որ լինենք միջազգային, մասնավորապես, եվրոպական կրթական տարածքի մաս: Մենք մեր բարեփոխումների ուղղությունները շատ ճիշտ ենք ընտրել և ճիշտ էլ իրականացնում ենք: Այլ բան է, որ բարեփոխումների ընթացքում, տարբեր պատճառներով, մեզ հաճախ չի բավարարում բարեփոխումների խորությունը, արագությունը, բայց այն, որ ուղղությունը ճիշտ է ընտրված, ակնհայտ է»:

Նախարարը բացառում է վերադարձը նախկինում գործող կրթական համակարգին, որովհետև, նրա խոսքով, Հայաստանը չի կարող մեկուսանալ աշխարհից, եվրոպական կրթական տարածքից. «Դա են պահանջում մեր երիտասարդ սերնդի շահերը, այն տասնյակ հազարավոր շրջանավարտների շահերը, որոնք ուզում են լինել եվրոպական կրթական տարածքի մաս, ուզում են օգտվել եվրոպական լավագույն կրթական ծրագրերից, և, ակնհայտ է, որ մենք այսօր Հայաստանում ունենք շատ ավելի մրցունակ, համադրելի կրթական ծրագրեր, քան ունեինք տարիներ առաջ»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:

Հարցին, թե արդյո՞ք Մաքսային միությանն անդամակցությունն ինքնըստինքյան մեզ չի տանի կրթական նախկին համակարգին, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Մաքսային միությունը, ինչպես գիտեք, չունի իր առանձին, յուրահատուկ կրթական օրակարգը: ՄՄ շրջանակներում, կամ, ավելի ճիշտ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է նաև կրթական փաստաթղթերի ստորագրում, որովհետև ակնհայտ է, որ ընդհանուր տնտեսական շուկան ենթադրում է նաև ընդհանուր աշխատաշուկա, ինչն էլ իր հերթին ենթադրում է ընդհանուր կրթական տարածք: Այս տեսակետից պետք է շեշտեմ, որ և´ Ռուսաստանը, և´ Ղազախստանը, և´ Հայաստանը Բոլոնիայի՝ եվրոպական կրթական տարածքի անդամներ են, Բելառուսը մի քանի անգամ փորձել է դառնալ այդ տարածքի մաս, իսկ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվող կրթական փաստաթուղթն այս փուլում միտված է լինելու փաստաթղթերի փոխադարձ ճանաչման դյուրացմանը, այսինքն՝ ատեստատների, դիպլոմների և այլ կրթական վկայականների ճանաչման դյուրացմանը անդամ երկրների միջև»:

Ա. Աշոտյանը գտնում է, որ այն, ինչ կա եվրոպական կրթական տարածքում՝ ավելի արագ և ավելի անմիջական իր մեխանիզմներով, կարող է օգտագործվել նաև ՄՄ երկրների համար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031