Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ինչպես է պետք բարեկամություն անել ռուսների հետ

Մայիս 14,2014 14:45

Չինովնիկը չպիտի որոշի, թե ով է սեպ խրում, իսկ ով՝ չի խրում

Վերջին 5 տարիների ընթացքում ես Հ1-ով բազմաթիվ հաղորդումներ էի պատրաստել ռուս նշանավոր կոմպոզիտորներ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Պրոկոֆեւի, Ստրավինսկու մասին: Յուրաքանչյուրին ես նվիրել եմ 4-5-ական հաղորդում: Դրանց մի մասը կա համացանցում, եթե դուք youtoub-ում փնտրեք Aram Abrahamyan. Parakanon բառերը: Այդ հաղորդումներով ես, ինձ թվում է, իմ համեստ ավանդն եմ ներդրել հայ-ռուսական բարեկամության մեջ: Հուսով եմ՝ հետագայում եւս կկարողանամ իմ աշխատանքով իմ հարգանքն ու երախտիքը հայտնել Ռուսաստանին, հանճարներ ծնած ռուս ժողովրդին եւ նրա հրաշալի մշակույթին:

Հիմա եթե ինձ դուր չի գալիս Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայում, կամ եթե ես դեմ եմ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ ես սեպ եմ խրում երկու ժողովուրդների բարեկամության մեջ: Ըստ ռուսաստանցի որոշ չինովնիկների՝ ստացվում է, որ՝ այո, խրում եմ: Այսինքն՝ եթե դու ուզում ես լինել Ռուսաստանի բարեկամը, ապա պետք է հիանաս այն քաղաքական կուրսով, որն այս պահին որդեգրել է այդ երկրի ներկայիս իշխանությունը: Իսկ եթե, ասենք, 10 տարուց Ռուսաստանում իշխանության գա մեկ այլ ղեկավար եւ սկսի քննադատել այդ կուրսը, մենք պետք է հիանանք այդ քննադատությա՞մբ, տատանվե՞նք, այսպես ասած, կուսակցական գծի հետ միասին:

Ինչո՞ւ պետք է չինովնիկը որոշի, թե ինչպես է հարկավոր բարեկամություն անել այս կամ այն երկրի հետ, ի՞նչն է սեպ խրում եւ ինչը՝ չի խրում մեր հարաբերությունների մեջ: Իսկ գուցե հակառա՞կը՝ օտար երկրում «նաչալնիկի» կեցվա՞ծքն է խրում այդ սեպը: Ճիշտ նույն ձեւով հայաստանցի իշխանավորը չպիտի որոշի՝ արդյոք իմ գործունեությունը «հայրենասիրակա՞ն է», թե՞ ոչ: Եթե ես գործում եմ օրենքի սահմաններում, մնացածը իմ որոշելիքն է:

Դառնալով Ռուսաստանին՝ ասեմ, որ այդ երկրի մշակույթը չի սահմանափակվում այն երեւույթներով, որոնք արտոնված են Բենկենդորֆի 3-րդ բաժնի, ցարական «ախրանկայի», «կագեբեի» կամ, ասենք, Մեդինսկու գերատեսչության կողմից: Շատ հաճախ հակառակը՝ այդ մշակույթը (բառի լայն իմաստով) ստեղծվում էր ի հեճուկս նման հիմնարկների: Որպես դրա ապացույց՝ մեջբերեմ 19-րդ դարի առաջին կեսի ռուս փիլիսոփա, Պուշկինի ընկեր Պյոտր Չաադաեւի «Փիլիսոփայական նամակներ» աշխատությունից, որը լույս է տեսել 1829-31 թվականներին:

«Ըստ էության, մեզ՝ ռուսներիս, չեն հետաքրքրում Հոմերոսը, հույները, հռոմեացիները, գերմանացիները: Մեզ համար այդ ամենը միանգամայն խորթ է: Բայց ինչ արած: Ստիպված ենք խոսել Եվրոպայի լեզվով: Մեր օտարածին քաղաքակրթությունը մեզ խցկել է Եվրոպա, եւ մենք, չունենալով վերջինիս գաղափարները, չունենք այլ լեզու՝ բացի նույն Եվրոպայի լեզվից: Եթե մեզ մոտ հաստատված մտավոր ունակությունների, հիշողությունների, ավանդույթների չնչին քանակը, եթե ընդհանրապես որեւէ բան մեր անցյալից մեզ չի միավորում աշխարհի որեւէ ազգի հետ, եթե մենք իսկապես չենք պատկանում տիեզերքի որեւէ բարոյական համակարգի, ապա, միեւնույն է, սոցիալական չափանիշներով մենք կապված ենք արեւմտյան աշխարհի հետ»,- գրում է Պյոտր Չաադաեւը՝ նախկին սպա, որը 1812 թվականի պատերազմի ժամանակ խիզախորեն կռվում էր իր հայրենիքի համար:

Չաադաեւն այս նամակներով ակնհայտորեն «սեպ էր խրում» ոուս-եվրոպական հարաբերությունների մեջ: Հավանաբար, հենց այդ է պատճառը, որ պաշտոնական քարոզչությունը նրան խելագար էր հռչակել: Եթե նա այսօր բլոգեր լիներ, նրա կայքը կարգելափակվեր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031