Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա Կարինեի հիվանդությունից գլուխ չեն հանում

Մայիս 14,2014 14:42

Ամիսներով տիկին Շուշանիկը՝ հիվանդ երեխան գրկին,
այս հիվանդանոցից այն հիվանդանոց է գնում

Ալումյանների ընտանիքը անցյալ տարվանից անհաջողությունների մեջ է: Այս ընտանիքը մեկ՝ ամիսներով նախագահականի եւ ոստիկանության առաջ ցույցեր էր անում, որպեսզի ստանար ընտանիքը կերակրող Մխիթար Ալումյանի՝ տարիներով չվճարված մի քանի միլիոնի հասնող աշխատավարձի հավելավճարները, մեկ էլ՝ երեխան գրկին, մայրը՝ Շուշանիկ Նասիբովան, բուժհիմնարկների դռներն ընկած փորձում է փրկել 12-ամյա երեխայի կյանքը:

Օրերս էլ տիկին Շուշանիկն անճարակությունից՝ նամակով, այսպես ասած, վերջնագիր է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ եթե երեխային Հայաստանում բուժօգնություն չտրամադրեն, հրաժարվելու է ՀՀ քաղաքացիությունից:
«Եթե նախագահն էլ ձեռքերը լվանա, դիմելու եմ դեսպանատներ, որ երեխայիս կյանքը փրկեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Շուշանիկը: Նրա խոսքերով՝ օր օրի փոքրիկ Կարինեի առողջական վիճակը վատանում է, երեխայի ձեռքերն ուռչում են, չի կարողանում քայլել, հենակները բռնել, սակայն որեւէ բժիշկ չի կարողանում ստույգ ախտորոշել, թե Կարինեի մոտ ինչ հիվանդություն է: Կարինեի մայրը պատմում է, որ երեխայի մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ. «Բայց մեկ էլ ասում են՝ օջախը մարված է, երեխաս հոդերի խնդիր ունի: Աբովյանի տուբդիսպանսերից ասում են՝ Կարինեն մեր հիվանդը չէ: Բայց մինչ այդ՝ ենթադրելով, որ տուբերկուլյոզ է, բարձր դոզայով դեղ էին նշանակել: Ոչ ոք չի հասկանում, գլուխ չեն հանում երեխայիս հիվանդությունից, օրերով հիվանդանոց ենք պառկում»:

Շուշանիկ Նասիբովան ասում է, որ երեխան տեսողության հետ կապված նույնպես լուրջ խնդիրներ ունի: Կարինեի աչքերը մեկ անգամ արդեն վիրահատել են, սակայն երեխայի տեսողությունը չի վերականգնվել. «Լույսը մոտեցնում ենք, աղոտ տեսնում է, նայում է լույսի ուղղությամբ, բայց առողջական վիճակի վատթարացման պատճառով տեսողությունն էլ լրիվ կընկնի»,- նեղսրտում է տիկին Շուշանիկը:
Նրա խոսքերով՝ երեխայի առողջական վիճակը հատկապես վատացավ այն բանից հետո, երբ անցյալ տարի օրերով, ամիսներով փոքրիկ Կարինեի հետ, ձմռան ցրտին, նախագահականի, ոստիկանության առաջ, ամուսնու հետ միասին, բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պետությունից ամուսնու՝ քրտինքով վաստակած արտաժամյա աշխատանքի գումարները ստանալու պահանջով: Ընտանիքն այդ գումարներով, որը կազմում էր մոտ 6.5 միլիոն դրամ, պետք է հոգար նաեւ Կարինեի բուժման հարցերը: Ընտանիքն այն աստիճան էր հուսահատված ու հիասթափված, որ Մխիթար Ալումյանը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց, որը ոստիկանները կանխեցին:

«Առավոտն» այս խնդրին 13.02. 2013 թ.-ին անդրադարձել է: Մխիթար Ալումյանը 10 հազար ժամ աշխատել է պետական պահպանության վարչությունում, սակայն ոստիկանությունը հրաժարվում էր վճարել աշխատավարձը՝ պատճառաբանելով, որ գրանցամատյանները կորել են: Ալումյանի բազմաթիվ բողոքներից հետո հատուկ քննչական ծառայությունը պարզել էր, որ Ալումյանն իսկապես աշխատել է, եւ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ:

Միայն այդպիսի ծայրահեղ քայլերի գնալուց հետո գումարի որոշ մասը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, որպես օգնություն, տվեց:

Ալումյանները հինգ երեխա ունեն: Տիկին Շուշանիկի խոսքերով՝ ճիշտ է, իր ամուսինն արդեն նոր աշխատանք ունի եւ այսօր Հայաստանի պետական սահմանի վրա ծառայություն է իրականացնում եւ դրանով վաստակում իր ապրուստը, սակայն այդ աշխատավարձով չեն կարող հոգալ Կարինեի բուժման ծախսերը. «Մխիթարն արդեն աշխատանք ունի, գոհ ենք, յոլա ենք գնում, այս հինգ երեխայի հոգսը կհոգանք, բայց Կարինեի խնդիրը դժվար է աշխատավարձով լուծել: Ես ինչքա՞ն կարող եմ անկողնային հիվանդ երեխային գրկած՝ այս հիվանդանոցից այն հիվանդանոցը գնալ, եւ անարդյունք»:

Տիկին Շուշանիկն ասաց, որ նամակը հանձնել է նախագահականի նամակների բաժին, որտեղից տիկնոջն առայժմ ստույգ պատասխան չեն տվել:

«Սպասում եմ, ասել եմ՝ եթե ի վիճակի չեն իրենց երկրի երեխաների առողջական խնդիրներով զբաղվելու, թող մեզ դռնեդուռ չգցեն, դիմելու եմ կազմակերպություններին, հրաժարվեմ Հայաստանի քաղաքացիությունից, որ երեխայիս արտասահմանում բուժեն»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031