Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նախարարը Դերենիկ Դումանյանի հրամանը չեղյալ է համարել

Մայիս 14,2014 14:26

Առողջապահության նոր նախարար Արմեն Մուրադյանի սրտով չէր նախկին նախարար Դերենիկ Դումանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմը
Մոտ երկու ամիս առաջ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով պոլիկլինիկաներում եւ ծննդօգնության ոլորտում համավճարի մեխանիզմ մտցրեց: Քանի որ հիվանդները բուժաշխատողների գրպաններն այսպես, թե այնպես «լեւի» գումար էին դնում, նախկին նախարարն այդ ստվերային գումարների դեմ պայքարելու նպատակով փորձեց այլ լուծում գտնել եւ դրանք բյուջե ուղղել:

Նախկին նախարարը 1 օրում 2 հրաման ստորագրեց, սակայն հաջորդ իսկ օրը փոշմանեց ու որոշումը փոխեց: Դերենիկ Դումանյանի նորամուծությունը հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց:

Բանն այն է, որ այդ համավճարներով պոլիկլինիկաներում որոշ ծառայությունների համար 500-1000 դրամ էր սահմանվել, իսկ հղիության ախտաբանության համավճարը օրական 5000 դրամ էր որոշվել:

Պարոն Դումանյանը փետրվարի վերջին որոշեց հետ կանգնել ստվերի դեմ պայքարի նման մեխանիզմից եւ չեղյալ հայտարարեց հղիներին վերաբերող համավճարը, իսկ պոլիկլինիկաներում գործիքային-լաբորատոր հետազոտությունների համար նախատեսվող համավճարի կիրառումը հետաձգեց մինչեւ հուլիսի 1-ը՝ պատճառաբանությամբ, թե մանրակրկիտ կուսումնասիրեն մեխանիզմն ու նոր միայն կկիրառեն:

Քաղաքացիներն այժմ անորոշության մեջ են՝ հուլիսի 1-ից արդյոք պարտավո՞ր են պոլիկլինիկաներում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար վճարել: Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտն էլ նոր նախարար ունի, «Առավոտը» առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նախարար Արմեն Մուրադյանն էլ հետաձգի համավճարի կիրառումը կամ ընդհանրապես նախկին նախարարի հրամանը չեղյալ համարի: Մեզ հետ զրույցում պարոն Քրմոյանն ասաց, որ նախկինում որոշված, ապա հետաձգված պոլիկլինիկաներում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար սահմանված 5000 դրամների մասին որոշումը չեղյալ է համարվել. «Նախարարը հրաման է ստորագրել, եւ այդ որոշումն ամբողջությամբ չեղյալ կհամարվի»:

Պարոն Քրմոյանը նաեւ նշեց, որ ամբողջ աշխարհում համավճարային տարբերակը նորմալ աշխատում է, եւ քաղաքացին, ասենք՝ դեղորայք ստանալիս սիմվոլիկ գումար է վճարում: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարն ասաց, որ ի սկզբանե համավճարը ներդնելուց մեխանիզմն այնպես է մշակվել, որպեսզի սոցիալապես խոցելի խավերին չառնչվի: Ներկայումս առողջապահության ոլորտում գործող այլ ծառայությունների համար համավճարը, ըստ պարոն Քրմոյանի, շատ լավ աշխատում է, եւ քաղաքացիները չեն դժգոհում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031