Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակման նպատակով գնել էին ոստիկանի համազգեստ

Մայիս 14,2014 14:18

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթ է ընդունվել Վահե Հայրիկյանի, Ռոբերտ Հարությունյանի, Առաքել Մանվելյանի, Գոռ Ավետյանի եւ Հովհաննես Աբաջյանի ավազակային հարձակման գործով բերված բողոքը:

Գործի դատաքննությունը իրականացրել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը:
Առաքել Մանվելյանը, ըստ մեղադրանքը պաշտպանած դատախազ Գարիկ Պապոյանի, համաձայնության գալով Ռոբերտ Հարությունյանի, Վահե Հայրիկյանի, Գոռ Ավագյանի եւ Հովհաննես Աբգարյանի հետ, 2011 թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում կատարել էր ավազակային հարձակման նախապատրաստություն եւ ավազակային հարձակումներ:
Բազմադրվագ ապացույցներից մեկն այն էր, որ Ա. Մանվելյանը Ռ.Հարությունյանից տեղեկանալով, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան 19 շենքի թիվ 42 բնակարանի բնակչուհի Սվետ Կարապետյանը բնակարանում պահում է մոտ 10. 000 ԱՄՆ դոլար գումար, նախապես համաձայնության է գալիս Հովհ. Աբգարյանի եւ Վ. Հայրիկյանի հետ: Ա. Մանվելյանը գնելով ոստիկանության աշխատակցի համազգեստ՝ Հ. Աբգարյանի «MITSUBISHI CHARIOT» մակնիշի VGV574 պ/հ ավտոմեքենայով գնում են Աբովյան քաղաք: Ամբաստանյալները կատարել էին դերաբաշխում. Հ. Աբգարյանը, ըստ մեղադրանքի կողմի, մնալու էր ավտոմեքենայի մեջ` պայմանավորված վայրում, իսկ Ա. Մանվելյանը եւ Վ. Հայրիկյանը ոստիկանի համազգեստով բարձրացել են Ս.Կարապետյանի բնակարան: Այստեղ ճակատագիրը ժպտում է տիկնոջը. նրա դուռը բացող չի լինում, հանցագործությունը չի կատարվում:

Մեկ այլ դրվագով, Ա. Մանվելյանը, անչափահաս Գոռ Ավագյանից տեղեկանալով Երեւանի Դրոյի փող. 21ա շենքում բնակվող միայնակ տարեց կնոջ մասին, որն իբր ունի շուրջ 8. 000 ԱՄՆ դոլար գումարի չափով ոսկյա զարդեր, համաձայնության գալով Հովհ. Աբգարյանի հետ, գնացել են Դրոյի փողոց, ապա կրկին ոստիկանի համազգեստով, տուժող Վարդուհի Թոփալյանի բնակարանի դուռը թակելով, ներկայացել են որպես ոստիկաններ: Նրանք Վ. Թոփալյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ` դանակի սպառնալիքով, կապկպել են տարեց կնոջը, եւ հափշտակել են 400.000 ՀՀ դրամ, 54.577 ՀՀ դրամին համարժեք 100 եվրո կանխիկ գումար, 1.545.423 ՀՀ դրամի ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:

Տեղեկանալով Անուշ Կարապետյանի՝ Դուբայից վերադառնալու եւ իր հետ 52. 000 ԱՄՆ դոլար գումար բերելու մասին, խումբը` Վահե Հայրիկյանի, Հովհաննես Աբգարյանի եւ անչափահաս Գոռ Ավագյանի հետ որոշել է հափշտակել նշված գումարը: Վ.Հայրիկյանը տարածքն էր հսկելու, անցուդարձին հետեւելու նպատակով կանգնել է թիվ 9 շենքի մոտ, Աբգարյանն ու Ավագյանը Սամվելյանի հետ բարձրացել են 5-րդ հարկ: Ըստ գործով ձեռք բերված ապացույցների, Ա. Մանվելյանը եւ Գ. Ավագյանը «զգեստավորված լինելով նախապես իրենց իսկ կողմից պատրաստված «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ընկերության տարբերանշանի հագուստներով, խաբեությամբ` ծաղկեփնջի առաքման պատրվակով, ներկայանալով որպես հիշյալ ընկերության աշխատակիցներ, ապօրինի մուտք են գործել Անուշ Կարապետյանի բնակարան»: Անուշը, սակայն, միայնակ չէր: Նրա եւ Նարինե Ավետիսյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, դանակի եւ ատրճանակի տեսք ունեցող կրակայրիչի գործադրման սպառնալիքով՝ ավազակները պահանջել են 52.000 ԱՄՆ դոլար գումարը: Նրանք բնակարանից հափշտակել են 219. 372 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար, 343.447 ՀՀ դրամին համարժեք 3450 ՄԱԷ դիրհամ, 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 150.000 դրամ արժողության 1 զույգ ոսկյա ականջօղ, 110.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ ոսկյա կանացի մատանի, 370.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ «Այֆոն» տեսակի բջջային հեռախոս: Ի դեպ, նրանք կպչուն ժապավենով կապել էին Ա.Կարապետյանի եւ Ն.Ավետիսյանի ձեռքերը եւ հեռացել դեպքի վայրից:

Խմբի անդամ դարձած անչափահաս Գոռ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով: Այն է՝ նա օժանդակել էր ամբաստանյալներին՝ ավազակային հարձակման կատարմանը, եւ նախապես հանցավոր համաձայնության գալով նրանց հետ, «մանրամասն տեղեկատվություն տրամադրելով» սույն քրեական գործով մեղադրյալներ Ա. Մանվելյանին եւ Հովհ. Աբգարյանին:
Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 23-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031