Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացման դատական ակտ՝ Գեղարքունիքի դատարանի կողմից

Մայիս 14,2014 14:12

Գեղարքունիքի մարզի Նորատուզ համայնքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանը դեռեւս 2011 թվականից ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, որ ապօրինաբար ձեռք է բերել, պահել եւ կրել հրազեն եւ ռազմամթերք՝ ատրճանակ եւ փամփուշտներ: Բայց քրեական գործով չկար զենքը, չկար փամփուշտը՝ կրակոցի ոչ մի արգասիք: Միայն տուժողն էր՝ ոտնաթաթում առկա միջին ծանրության մարմնական վնասվածքով, որն էլ բողոք, պահանջ չուներ:

Որպես մասնավոր մեղադրանքի գործ՝ այս հիմքով որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնել: Մեղադրյալն էլ ցուցմունք էր տվել, որ ատրճանակը գտել է հանգուցյալ հոր գործիքների մեջ, այն ժանգոտված էր, նույնիսկ փամփշտատուփը չէր հաջողվել բացել, որ տեսնի՝ փամփուշտ կա, թե ոչ: Միայն փողի մեջ նայելով՝ տեսել էր, որ ակոսներ չկան, հարթափող զենք է, ինքնաշեն ատրճանակ: Տարել էր ընկերոջ մոտ, որ փորձեն յուղելով բացել, այդ ընթացքում ատրճանակից պատահական կրակոց էր արձակվել, եւ մարդը վնասվել էր: Ինքն էլ վախենալով՝ զենքը տարել գցել էր Սեւանա լիճը:
Որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից անմիջապես հետո պաշտպանական կողմն այն բողոքարկել էր հսկող դատախազին՝ պնդելով, որ անձի կողմից որեւէ հանցանք չի կատարվել: Զենքի բացակայության պայմաններում մեղադրյալի խոսքով ատրճանակը եղել էր ինքնաշեն եւ հարթափող, եւ հակառակը ապացուցող որեւէ փաստ չկար: Իսկ Քր. օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում միայն ակոսափող հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար:

«Նման պայմաններում դատախազությունը համառորեն իր մեղադրանքը բրթում էր առաջ: Բրթեց, բրթեց, բրթեց, եւ հետո այդ մեղադրանքը հետ գլորվեց, որովհետեւ, եթե դու չունես, օրինակ, դիակ, չես կարող սպանություն որակել արարքը, նույն կերպ նաեւ՝ եթե չունես զենքը, ինչ գիտես՝ դա ակոսափող է, թե ոչ: Ես ցավում եմ, որ սա բարդ իրավական խնդիր չէր, բայց մենք հասանք հաջողության միայն բարդ, երկարատեւ աշխատանքի արդյունքում»,- ասում է գործով մեղադրյալի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նախաքննության փուլում անձի՝ հետախուզման մեջ գտնվելու հիմքով գործն սկզբում կասեցվել էր, այնուհետեւ համաներման ակտի ընդունումից հետո մեղադրյալը ներկայացել էր վարույթն իրականացնող մարմնին, եւ գործն ուղարկվել էր դատարան:
Դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքի կողմն իր ճառում պահանջում էր մեղավոր ճանաչել անձին եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, ապա կիրառելով համաներման ակտը՝ ազատել պատժի կրումից: Մինչդեռ սույն թվականի ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, կայացրեց արդարացման դատավճիռ, որով ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինաբար զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը, օգտագործելը, ճանաչեց եւ հռչակեց քաղաքացի Գրիգոր Գրիգորյանի անմեղությունը: «Փառք Աստծո՝ նաեւ դատարանի արդարադատ որոշման արդյունքում,- շեշտում է Ռուբեն Հակոբյանը,- իսկ կարող էր այդպես չլինել, եւ մարդը դատվեր առանց ապացույցների»:

Սա փաստաբանի այս տարվա առաջին արդարացման դատավճիռն է, իսկ անցյալ տարի Ռուբեն Հակոբյանը 9 արդարացում է ունեցել:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031