Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկոյանի ժառանգները կտրված են մեր իրականությունից»

Մայիս 14,2014 14:07

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության
եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի կարծիքով՝
Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը ժամանակավրեպ է:

Երեւանի ավագանու սկանդալային որոշումը՝ Իսահակյան- Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում, լենինյան եւ ստալինյան շրջանի կարկառուն պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու վերաբերյալ, առաջացրել է լայն հանրության դժգոհությունը: Արձան տեղադրելու միջնորդությունը քաղաքապետարանին ներկայացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Որպես որոշման հիմնավորում՝ քաղաքապետարանը նշում է, թե Անաստաս Միկոյանը «քաղաքական ու պետական գործունեության բարդ ուղի անցած» գործիչ է, մինչեւ 20-ականները «հեղափոխական աշխատանք» է կատարել, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղեկավարել է «խորհրդային բանակի մատակարարման գործը»… Հիմնավորման մեջ ոչինչ չկա ստալինյան ռեպրեսիաների ժամանակ Միկոյանի «դերակատարության» մասին: Չնայած այս ամենին, Միկոյանի ժառանգներն արձան են ցանկանում տեսնել Երեւանի կենտրոնում: Օրերս էլ ՀՀ մշակույթի նախարարը հայտարարել է, թե պատմաբանների խնդիրն է քննարկումների արդյունքում հանրագումարի գալը:

Այս թեմայով «Առավոտը» զրուցեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գեւորգյանի հետ: Պարոն Գեւորգյանը գտնում է, որ Միկոյանի կերպարը պետք է քննարկել իր ժամանակի մեջ՝ նրան չորակելով իբրեւ ազգի դավաճան, բայց նաեւ զերծ մնալով փառաբանումներից:

«Անաստաս Միկոյանը, որպես հայազգի եւ պետական գործիչ, անտարակույս խորհրդային շրջանում ունեցել է դերակատարություն, նա խորհրդային հասարակության տիպական գործիչ էր, կատարել է այն խնդիրները, որոնք դրված են եղել Կենտրոնի եւ խորհրդային հասարակության համար: Այնպես որ, նա որպես հայազգի կուսակցական, պետական գործիչ՝ հայկական հիմնախնդիրներին մոտ կանգնած չի եղել. նկատի ունենք նրա կուսակցական գործունեությունը 20-ականներին եւ խնդիրները, որոնք ծառացած են եղել հայ ժողովրդի առաջ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է տարածքային՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որը ստալինյան ձեւակերպումներով այլ ընթացք ստացավ: Միկոյանի դերակատարությունը խորհրդային հասարակարգում մնացել է, բայց ինձ համար, որպես պատմաբան, այսօր անհասկանալի եւ ժամանակավրեպ է նրա արձանը դնելու հարցը բարձրացնելը:

Որպես մտավորական՝ տեղյակ եմ, որ Միկոյանի ազգականներն անպայման ցանկանում են հավերժացնել նրա հիշատակը»,- նշեց պատմաբանը: Նա փաստեց, որ ժամանակին Սանահինում կանգնեցվել է Միկոյանի եղբայրների արձանը ու հավելեց, որ Անաստաս Միկոյանի եղբայրը՝ Արտեմ Միկոյանը, որպես գիտնական եւ ավիակոնստրուկտոր, այնպիսի հեղափոխություն է արել իր ոլորտում, որ հայ ազգը կարող է մշտապես պարծենալ: «Այսօր էլ մեր Գիտությունների ակադեմիան ունի արտասահմանյան թղթակից անդամներ, իսկական անդամներ, որոնք մեծամասամբ կտրված են հայ իրականությունից, բայց մենք հպարտանում ենք իրենցով: Գիտության ոլորտը այլ է, ինչ վերաբերում է քաղաքականությանը եւ պետականին, ապա Անաստաս Միկոյանի՝ որպես կուսակցական գործչի գործունեությունը Խորհրդային Հայաստանի պատմության հետ չի առնչվում: Ճիշտ է, ժամանակին, նախկին խորհրդային տարածքի ժողովուրդները մեծամասամբ տեղյակ էին, որը Միկոյանը հայազգի գործիչ է, նրանով որոշակի պատկերացում էին կազմում մեր ազգի մասին այն առումով, որ նշանավոր գործիչներ է տվել: Անկախության շրջանում, սակայն, նման խնդիր դնելը ճիշտ չէ:

Ավագանին, գլխավոր ճարտարապետը, մշակույթի նախարարությունը պետք է լուծումներ գտնեն, հարցն էլ հիմնավոր ու մշակված ներկայացվի: Մանավանդ՝ խոսք է գնում Կորյուն-Իսահակյան փողոցների միջանկյալ պուրակում Միկոյանի արձանը դնելու մասին: Կորյունը միջնադարի նշանավոր հայ մատենագիր է, իսկ Իսահակյանը մեր լավագույն պոետներից մեկը, նրանց կողքին համատեղելի չէ Միկոյանի արձանը: Մյուս կողմից էլ՝ դեմ եմ, երբ նրան ազգի դավաճան են որակում, Միկոյանին պետք է դիտարկել իր ժամանակի մեջ»,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ օրինակներ է բերում. «Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ եղան դեպքեր, երբ հանրապետությունը ղեկավարող անձնավորությունը (նկատի ունի Կարեն Դեմիրճյանին-Գ.Հ.) հայտարարեց, որ ի վիճակի չէ Արցախի հարցը լուծել, որովհետեւ Ղարաբաղը գրպանում դրված չէ: Բայց որոշակի ժամանակ անց, այդ նույն գործիչը ազգի կողմից գնահատականների արժանացավ»:

Պարոն Էդիկ Գեւորգյանին հիշեցրինք իր գործընկեր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի այն դիտարկումը, թե նույն շրջանում ադրբեջանցի Նարիմանովը իր երկրին ավելի շատ օգուտ է տվել, քան Միկոյանը՝ Հայաստանին: Պարոն Գեւորգյանը հայտնեց, որ Նարիմանովի եւ Միկոյանի գործունեությունների միջեւ ճիշտ չէ զուգահեռներ տանելը: «Նարիմանովը տվյալ շրջանում Ադրբեջանի հեղկոմի նախագահն էր, Ադրբեջանի առաջին դեմքը եւ, բնականաբար, ամեն ինչ պետք է աներ Ադրբեջանի համար: Միկոյանը չի՛ եղել Խորհրդային Հայաստանի առաջին դեմքը: Նարիմանովի գործունեությունն ամբողջովին հակահայկական էր, 20 թվականի նոյեմբերի երեսունին նա «խաղում» էր, թե որպես Հայաստանի անբաժան մաս՝ ճանաչում է ե՛ւ Ղարաբաղը, եւ Զանգեզուրն ու Նախիջեւանը, եւ մի քանի օր հետո մոռանում այդ մասին: Ի դեպ, Ալեքսանդր Մյասնիկյանի գործունեությունը, որպես Հայաստանի հեղկոմի նախագահ, դրական ենք բնութագրում: Նա ժամանակին կարողացավ Հայաստանի մտավորականությանը համախմբել, վերականգնել տնտեսությունը, դժվարություններ հաղթահարել: Այս ամենի կողքին, Մյասնիկյանն անկարող եղավ տարածքային խնդիրների հարցում: Դառնալով Միկոյանին՝ նորից եմ շեշտում, նրան չպետք է համեմատել Նարիմանովի հետ: Միկոյանը Կենտրոնի գործիչ էր, այսօր էլ ունենք «կենտրոնի» գործիչներ, որոնք դրսում են եւ շատ դեպքերում լռում են դիվանագիտորեն: Հասկանալի է, որ Միկոյանը՝ որպես Խորհրդային երկրի արտաքին գործերի նախարար, կարողացել է կուբայական ճգնաժամ հաղթահարել, պատերազմներ կանխել: Խորհրդային երկրի դիվանագիտությունը կարող է պարծենալ, որ դա արել է Միկոյանի շնորհիվ ու միջոցով: Միկոյանի զավակները մասնակցել են Հայրենական պատերազմին, նույնիսկ մեկը զոհվել է, բայց բազմաթիվ փաստեր կան, որ նրա ժառանգները կտրված են հայ իրականությունից, հաճախ դժգոհում են, որ հայերը միայն ողբում են, խոսում ցեղասպանությունից: Այդ մարդիկ կտրված են մեր իրականությունից, չեն ապրում այն ամենով, ինչով ապրում է այսօրվա անկախ Հայաստանի բնակիչը»,- ասում է պատմաբանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031