Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեհարդա՞ր՝ աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ փոխանցելուց ձեռնպահ մնալու դիմումի պատճառով

Մայիս 14,2014 13:28

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության և սպորտի հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր
ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր
ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Հանձնաժողովի անդամներ, պատգամավորներ
ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ, ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ,
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ,
ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ,
ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ,
ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ

Հարգարժան հանձնաժողովականներ,
Սույնով Ձեր ուշադրությունն եմ ակնկալում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տիրող անհասկանալի իրավիճակի վրա` հայցելով Ձեր գործուն միջամտությունը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհուրդը դեռևս 2013թ. դեկտեմբերին որոշում էր կայացրել հավելավճարի տեսքով փոխհատուցելու մոտ 400 երիտասարդ աշխատակիցների և գիտնականների պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վճարվելիք գումարները, ինչի համար երիտասարդ պոլիտեխնիկցիները ժամանակին իրենց երախտիքի խոսքն են հայտնել:
Սակայն հասարակության ակտիվ զանգվածի, հատկապես, մասնավոր սեկտորի երիտասարդ աշխատակիցների ընդվզումներից և օրենքում պարտադիր բաղադրիչի կասեցման հարցում չորս խմբակցությունների անմիջական ներգրավվածությունից հետո, հիմնվելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2014թ. ապրիլի 2-ին կայացրած հայտնի ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետի վրա, 1974թ.-ից հետո ծնված Պոլիտեխնիկի 100-ից ավելի աշխատակիցներ գրավոր դիմեցին ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար պարոն Հովհաննես Թոքմաջյանին՝ խնդրելով առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով և ձեռնպահ մնալ իրենց աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ հաշվարկելուց և փոխանցելուց:

Միառժամանակ Պոլիտեխնիկում դիմումների ընթացքի վերաբերյալ որևէ արձագանք չկար՝ մինչև այն պահը, երբ News.am լրատվական պարբերականն ապրիլի 22-ին տպագրեց “Պոլիտեխնիկի աշխատողները ռեկտորի պաշտոնակատարից պահանջում են չգանձել 5% պարտադիր վճարը” վերտառությամբ հոդվածը:

Դրանից հետո գրոհ սկսվեց բուհի՝ հատկապես վարչական անձնակազմի մի շարք աշխատակիցների վրա, ովքեր գրավոր դիմել էին իրենց աշխատավարձից պահումներ չանելու համար:

Արդեն ապրիլի վերջին, երբ խորհրդարանում քննարկման էր ներկայացված ՀՀ կառավարության՝ կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը, երբ փաստացի այլևս ուժի մեջ չէր ՀՀ կրթության և գիտության նախարարի շրջաբերականը՝ “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի մասին Հայաստանի կառավարության միասնական դիրքորոշման վերաբերյալ, ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը սպառնաց, որ կլուծարվեն աշխատանքային պայմանագրերը կամ կդիտարկվեն առաջիկայում համատեղ աշխատելու հնարավորությունները՝ Պոլիտեխնիկի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միավորման համատեքստում:

Ես ներկայումս դեռևս զբաղեցնում եմ ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնը և դիմումատուներից մեկն եմ: Արդյունքում, հաշվի չառնելով այդ պաշտոնում 7 տարվա իմ աշխատանքային ստաժը, այդ տարիների ընթացքում պարտաճանաչ աշխատանքս (դրա մասին կարող են վկայել իմ գործընկերները, անմիջական ղեկավարներն ու ենթակաները), անգամ այն փաստարկներս, որ դիմումով հանդես գալն իմ սահմանադրական իրավունքն է և որևէ կերպ չի կարող անդրադառնալ իմ աշխատանքային պարտականությունների կատարման որակի վրա, ՀՊՃՀ նորընծա ղեկավարը փորձեց ինձ հետ “հաշվեհարդար” տեսնել: Այս պահին կառուցվածքային փոփոխությունների անվան տակ՝ ինձ առաջարկվում է իմ իսկ ղեկավարած, այժմ՝ անվանափոխված բաժնի ավագ տեսուչի հաստիքը՝ աշխատավարձի էական նվազմամբ: Եվ այս ամենն այն պատճառով, որ համարձակվել եմ դիմում գրել, ավելին՝ դիմումս իր պահանջով ետ չվերցնել:

Առավել քան վստահ եմ, որ ես ընդամենը նախադեպ եմ, և այսուհետ ևս փորձեր կարվեն կամայական վերաբերմունքով զսպել այն աշխատակիցներին, ովքեր որևէ հարցում ղեկավարության կարծիքին հակառակ հակափաստարկ կներկայացնեն:
Հարգելի՛ հանձնաժողովականներ, նման ապօրինությունների արմատավորումը հատկապես մտավորականների և գիտնականների միջավայրում առավել քան անթույլատրելի է, և այս առիթով ակնկալում եմ Ձեր հատուկ ուշադրությունը և արձագանքը Հայաստանի ամենախոշոր տեխնիկական բուհում տիրող իրավիճակին:
ՎԵՐՈՆԻԿԱ ԽՈՐԱՍԱՆՅԱՆ
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի
և տեղեկատվության բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031