Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական մեքենայում ծեծված երիտասարդը ուշագնաց է եղել

Մայիս 14,2014 13:21

Երեկ Մաշտոցի պուրակում ոստիկանների բռնություններից տուժել է ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Նրա պատմելով, այգում ոստիկանները հարձակվել են իրենց վրա, քաշքշելով տարել են մի անկյուն ու շրջափակելով սկսել են ծեծել:

«Ոտքերով, բռունցքներով ծեծում էին: Հետո ոտքերիցս, ձեռքերիցս բռնած` նստեցրին ոստիկանության մեքենան, ինձ պառկացրին մեքենայի հատակին, գլուխս մտցրին երկու նստարանների արանքը եւ սկսեցին հարվածել, խփել ծնկներիս: Ոստիկաններից մեկը ծունկը դրեց պարանոցիս ու սկսեց խեղդել ու անընդհատ խեղդում էր: Ես ասացի` եթե մի քիչ էլ խեղդես, կմահանամ, ասաց` հա էդպես էլ պետք է լինի, դուք պետք է մեռնեք: Ինձ հետ նույն մեքենայի մեջ ակտիվիստ Դվինն էր, նրան էնքան ծեծեցին, որ ուշագնաց եղավ, մի կերպ հետ բերեցինք: Ոստիկաններից մեկն էլ ձեռքս էր ոլորում ու ասում էր՝ պիտի ջարդեմ ձեռքդ, ձեզ դիտավորյալ ցավ պետք է պատճառենք»,- պատմեց Գեւորգ Սաֆարյանը:

Գեւորգի պատմելով, երեկվա ծեծից հետո իր համար երկու անգամ շտապօգնություն են ոստիկանություն կանչել. «Երբ ակնհայտ դարձան իմ վնասվածքները ու շտապ օգնություն եկավ, ոստիկանությունում հասկացան, որ իրենց նկատմամբ քրեական գործ է սկսվելու իմ նկատմամբ կատարվածի փաստով, ոստիկանությունում միանգամից իմ դեմ քրեական գործ հարուցեցին` ոստիկանի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով»:
Ակտիվիստն էլ իր հերթին է հանցագործության մասին հաղորդում տվել`իր նկատմամբ բռնություններ կատարելու գործով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031