Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժան մաս է». Արմեն Աշոտյան

Մայիս 14,2014 12:59

«Անի պլազա» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ «Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության ու փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ» ծրագրի իրականացման ընթացքին նվիրված համաժողով:

«Բազմիցս ասել եմ, որ Եվրամիությունը մնում է Հայաստանի կրթական բարեփոխումների համար կարևորագույն գործընկերներից մեկը: Եվրամիության աջակցությամբ մեր բարեփոխումներն իրականացվում են ինչպես հանրակրթության, այնպես էլ մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում: Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժան մաս է, ավելին՝ բարձրագույն կրթության տեսակետից 2012 թվականից Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոնն է, որը 2015 թ. կհյուրընկալի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը՝ լինելով միակ ոչ ԵՄ անդամ երկիրը, որը նման հնարավորության և պատվի է արժանացել»,- համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ այս համագործակցությունն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ ֆինանսական աջակցություն և բովանդակային աջակցություն: «Որոշ մտավախություններ կային, թե Եվրամիությունը կարող է դադարեցնել կամ նվազեցնել իր աջակցությունը Հայաստանին, բայց պետք է շեշտեմ, որ կրթության և գիտության ոլորտներում մենք ունենք աջակցության շարունակական դրսևորումներ, ես կասեի՝ նաև աճ,- վստահեցրեց Ա. Աշոտյանը և հավելեց,- Հայաստանի 18 բուհեր, օրինակ, «Տեմպուս» ծրագրի շրջանակներում անցյալ տարի շահել են համապատասխան դրամաշնորհներ, Հայաստանն ակտիվորեն բարեփոխում է իր մասնագիտական կրթության համակարգը և, անհամեստ թող չթվա, Արևելյան գործընկերության և նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը Եվրամիության հետ աշխատող առաջատար երկրներից մեկն է»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան էլ ասաց, որ այս ընթացքում մի շարք կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել կրթության բարեփոխումների ոլորտում՝ շնորհիվ ՀՀ կառավարության հավատարմության իր իսկ բարեփոխումների օրակարգին: «ՀՀ բուհերը բարելավել են իրենց վարչական, կազմակերպչական կառուցվածքները և ուսումնական ծրագրերը՝ միաժամանակ շփվելով ԵՄ ակադեմիական մշակույթի հետ: Ավելին՝ հարյուրավոր ուսանողներ օգտվել են ուսանողների փոխանակման մի շարք ծրագրերից»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Եվրամիությունը շարունակում է օժանդակություն տրամադրել բարեփոխումների գործընթացին՝ նպատակ ունենալով աջակցել ՀՀ կառավարության ջանքերին, որոնք ուղղված են մասնագիտական կրթության և վերապատրաստման համակարգի որակի ու գրավչության բարելավմանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031