Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. ՍԴ որոշման մեջ պարտադիրը հանելու մասին խոսք չկա. «Հայոց աշխարհ»

Մայիս 14,2014 12:29

Ոչ իշխանական ուժերի հարցադրումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ։

-Ձեր ընդդիմախոսների հիմնական վերապահումներից մեկն այն է, որ կառավարության ներկայացրած նախագիծը չի կարգավորում մինչեւ սեպտեմբերի 30-ը կատարված եւ կատարվելիք պարտադիր վճարների վերադարձի խնդիրը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Գումարների վերադարձի հարցը շատ հստակ լուծում է ստացել. հունվարի 1-ից հաշվված եւ հիմնադրամներին փոխանցված գումարների վերադարձի հարցը կլուծվի մինչեւ սեպտեմբերի 30-ը ընդունվելիք վերջնական փաթեթով։

Այն քաղաքացիները, որոնց գումարները հաշվվել են, չեն փոխանցվել՝ մնացել են գործատուների մոտ, դիմում գրելուց հետո կստանան իրենց գումարները։ Իսկ այն քաղաքացիները, որոնց գումարները չեն հաշվել, չեն փոխանցվել, դիմում գրելուց հետո օրենքի ուժով ազատվում են տույժ-տուգանքներից։

Սա է եղել սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել էինք քաղաքական ուժերի հետ, ավելին՝ նրանց բոլոր առաջարկները հաշվի են առնվել եւ տեղ են գտել այսօր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում։

-Ի վերջո՝ պարտադիր բաղադրիչը մնո՞ւմ է, թե՞ ոչ։

-Մենք խոսում ենք մի հարցի մասին, որին դեռեւս համակարգային լուծում չենք տվել՝ ամբողջական լուծումը կունենանք սեպտեմբերի 30-ից հետո։ Առայժմ փորձում ենք հարցին «միջանկյալ» լուծում տալ. սա է ընդամենը՝ ուրիշ բան չենք անում։ Դրա համար իմ ելույթում էլ շեշտեցի՝ ՍԴ որոշման մեջ պարտադիրը հանելու մասին խոսք չկա. քաղաքացիներից իրենց կամքին հակառակ պահումներ անելն է ճանաչվել սահմանադրությանը հակասող։

Մյուս կողմից, եթե օրենքում ամրագրում ենք՝ մարդու կամարտահայտությունը հաշվի առնելով՝ գումարները չեն հաշվվում եւ չեն փոխանցվում, սա դեռեւս չի նշանակում, թե ամեն ինչը դառնում է կամավոր։

-Եթե քաղաքացիների կամքին հակառակ գումարներ պահելը հակասում է սահմանադրությանը, ուրեմն ինչպե՞ս է լուծվելու քաղաքացու «պարտադիր, բայց ոչ պարտադրված» մասնակցությունն ապահովելու թնջուկը։

-Մենք կգտնենք այն ճանապարհը, որը չի հակասի մեր սահմանադրությանը։

-Հնարավո՞ր է, որ դա արվի գործատուի եւ աշխատողի հարկային բեռը ծանրացնելու՝ նոր հարկատեսակ մտցնելու հաշվին, ինչպես պնդում է ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

-Նորից եմ ասում՝ դա վերաբերում է հարցի վերջնական լուծմանը, որի մասին ես հիմա ոչ մի կարծիք չեմ հայտնի, որովհետեւ դրա հետ կապված՝ վերջնական պայմանավորվածություն չունենք։ Երբ կլինի՝ այն ժամանակ կխոսենք

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031