Բոլոր պահանջները պետք է ներկայացնել բանակցողներին
Անդառնալի կորուստներ ու տառապանքներ պատճառած, Ադրբեջանի սանձազերծած Ղարաբաղյան պատերազմից հայկական կողմը պատվով է դուրս եկել: Ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը, իսկ նրա շուրջը ստեղծվեց անվտանգության հուսալի գոտի:
Ադրբեջանը համառորեն ու տեւական ժամանակ ընդդիմացել է մայիսյան զինադադարի հաստատմանն այն պարզ պատճառով, որ հստակ գիտակցել է` դրան գնալով «վավերացնում» է տարածքային կորուստները: Իր իսկ սանձազերծած պատերազմում պարտված եւ տարածքներ կորցրած Ադրբեջանի իշխանություններին բարդ էր զինադադարին համաձայնելը, դա պարտության ամրագրում էր, սակայն ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների` հաջողվեց Բաքվին պարտադրել զինադադար, իսկ ռազմաճակատի հաղթանակները հայկական կողմը նաեւ ամրագրեց դիվանագիտական ճակատում. Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց հակամարտության կողմ, եւ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում հայկական կողմը, ըստ էության, պարտադրեց Ադրբեջանին հավասարը հավասարի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել ղարաբաղցիների հետ:
Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարի 20-ամյակը նշանավորվեց խնդրի կարգավորման նպատակով կողմերին ուղղված կոչերով ու հայտարարություններով, որն անսպասելի չէր: Տեւական ժամանակ փակուղում հայտնված բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու առումով զինադադարի քսանամյակը ամենապատեհ առիթն է:
Զարմանալին այլ բան է… Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման վաղուց դարձել է չհիմնավորված փաստերով տարբեր շահարկումների հարմար առիթ:
Երբ մեղադրանք է հնչում, թե ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում լուծել անգամ ԼՂՀ իշխանությունների հետ բանակցություններ վարելու հարցը, նման հարց բարձրացնողները չեն էլ փորձում մի քանի տարի հետ գնալ մտովի ու վերհիշել, որ 1998 թվականից Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը դուրս մղել բանակցային գործընթացից` պատճառաբանելով, որ ինքը ներկայացնում է նաեւ Ղարաբաղի շահերը:
Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը «Քարնեգի» հիմնադրամում հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթով, այնպիսի կրքեր բորբոքվեցին, կարծես Հայաստանի` բանակցային գործընթացում մասնակցությունն եւ բանակցությունների հիմք հանդիսացող առաջարկների մասին առաջին անգամ էին լսում:
Եվ ամեն նման առիթ ծառայում է այդ պահի նպատակին: Այս անգամ ամերիկացի համանախագահը հայտնվեց քննադատությունների կիզակետում այն բանի համար, որ դեռ մի քանի տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կողմից բացահայտված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հանդես եկավ իր մեկնաբանություններով, բացատրեց, թե ինչպես է պատկերացնում այդ սկզբունքների կիրառումը:
Կարդացեք նաև
2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում գագաթնաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ` Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը, հանդես եկան հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորեցին կարգավորել ԼՂ երկարատեւ հակամարտությունը:
Նրանք շեշտում էին, որ հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ու հայտնում, որ Հիմնարար սկզբունքները հետեւյալն են` ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
Ընդ որում, հարկ է հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքները ի հայտ են եկել ավելի վաղ` Ռոբերտ Քոչարյանի օրոք: «Մենք հանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007թ. Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակը»,- ասում էին 2009թ. հուլիսի 10-ին Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը:
Որտե՞ղ էր դեսպան Ուորլիքը, երբ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները բացահայտեցին կարգավորման վերոնշյալ սկզբունքները… Նա այն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ չէր:
Այո՛, հավանաբար, պաշտոնական Վաշինգտոնն այսօր նպատակահարմար գտավ, որ իր երկիրը ներկայացնող դեսպանը պետք է կարեւորի զինադադարի քսանամյակը եւ կողմերին ուղերձներ հղի: Բայց մեզանում ԼՂ խնդրում անմիջապես «ծախվածների» ու «հայրենասերների» փնտրտուք ու դասակարգում է սկսվում, հետո գտնվում է «փրկիչը»՝ ի դեմս Ռուսաստանի, այն դեպքում, երբ ԼՂ կարգավորման պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չի տարբերվում Վաշինգտոնի եւ Փարիզի դիրքորոշումից, եւ այդ մասին վկայել են ԵԱՀԿ ՄԽ նախկին բոլոր ռուս համանախագահների հայտարարությունները:
Ամերիկացի համանախագահ Ուորլիքի ելույթը մի քանի օր առաջ ավելի վատը չէր, քան ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Անցյալ տարի մայիսին ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների հիմնական թեմաներից էր Ղարաբաղյան խնդիրը: Նրանց հանդիպմանը հետեւած մամլո ասուլիսում Լավրովը բառացիորեն ասաց հետեւյալը. «Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂ-ում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակումը…»:
Թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ Բաքուն օրերս արձագանքեցին ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ուորլիքի ելույթին` իրենց պատրաստակամությունը հայտնելով շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում՝ բնականաբար, բանակցությունների սեղանին առկա առաջարկների հիման վրա:
Բանակցություններ վարելը ավելի լավ է, քան չբանակցելը: Գուցե ստատուս քվոն պահպանելը հարմար տարբերակ է` հակամարտության ոչ ցանկալի լուծումից խուսափելու համար: Բայց այս դեպքում, ուրեմն, նաեւ պետք է հստակ ամրագրել` բոլոր «հայրենասերները» իրենց պահանջներն ու կոչերը ավելի տրամաբանական կլինի հղեն ժամանակին բանակցողներին ու այսօրվա բանակցողներին, այսինքն` իշխանություններին, որոնք տարիներ շարունակ գնացել, բանակցել, համաձայնվել եւ աշխատել են ներկայացված առաջարկների վրա: Իսկ մինչեւ 2008-ը բանակցածները, որոնք այսօր գնահատականներ են հնչեցնում, թող բարի լինեն՝ իրենց ժամանակ բանակցած, օրինակ` Քիվեսթյան սկզբունքները ներկայացնեն հանրությանը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Qui West was the redemption of 10/27/99. Nine-eleven was the punishment for 10/27/99. Late Heydar Aliyev cheated on Ghachagh Robert Kocharyan. NATO secret agencies backed Yoldash Aliyev. Now from the grave Heydar Aliyev is laughing at notoriously famous Ghachagh Kocharyan and Yoldash Ilham Aliyev is making shish kebab from Bazmacharchar Puchik Sarksyan. Ghachagh Sarksyan, You should stretch Your foot according to Your brain.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/05/14/460175/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից