Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնականում պարտադիր կուտակայինը մնում է ուժի մեջ գրեթե ամբողջական ծավալով. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 14,2014 12:19

Հովիկ Աբրահամյանն, ինչպես հայտնի է, խոստացել էր վերացնել կուտակայինի պարտադիր բաղադրիչը, եւ ֆորմալ առումով իր խոսքի տերը եղավ։ Կուտակայինն այլեւս պարտադիր չէ։ Օրինագծի էությունը սա է. նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակցել կուտակայինին՝ դիմում են գրում եւ ազատվում են դրանից, ովքեր դիմում չեն գրում եւ չեն հրաժարվում՝ նրանց աշխատավարձերից այդ գումարները պահվում են։ Հասկացա՞ք նրբությունը։ Իրականում հակառակը պիտի լիներ։ Ճիշտն այն կլիներ, որ ովքեր ցանկանում են մասնակցել՝ նրա՛նք դիմումներ գրեին ու մասնակցեին։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին, օրինակ, մարդիկ դիմումներ էին գրում, մտնում էին որեւէ ջոկատի կազմի մեջ ու մեկնում ճակատ։ Պարտադրանք չկար, որովհետեւ դրանք կամավորական ջոկատներ էին։ Իսկ պատկերացրեք՝ հակառակը լիներ, մարդիկ գնային ու դիմում գրեին, որ չեն ուզում մեկնել Ղարաբաղ, իսկ բոլոր նրանց, ովքեր դիմում չեն գրել, մեխանիկորեն համարեին «կամավոր» ու անմիջապես ուղարկեին կռիվ։

Մի խոսքով՝ կառավարությունը ձեւը գտել է։ Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «թղթերով ամեն ինչ կարգին է», կուտակայինը կամավոր է։ Այլ հարց է, թե 260 հազար երիտասարդներից քանի՞սը կօգտվեն կուտակայինից գրավոր հրաժարվելու իրենց իրավունքից։

Լավ, ինչո՞ւ է կառավարությունը հատկապես ա՛յս հնարքը կիրառել։ Որովհետեւ դա միանգամից մի քանի խնդիր է լուծում։ Առաջին՝ Սահմանադրական դատարանի որոշման հարցը ձևականորեն լուծվում է։ Երկրորդ՝ գործնականում պարտադիր կուտակայինը մնում է ուժի մեջ գրեթե ամբողջական ծավալով, որովհետեւ Հայաստանում աշխատողները (հատկապես բարձր աշխատավարձ ստացողները) բավականին մեծ կախվածություն ունեն գործատուներից եւ պարզապես չեն համարձակվի հրաժարվել կուտակայինից՝ աշխատանքը կորցնելու վտանգն աչքի առաջ ունենալով։ Նույնը վերաբերում է նաեւ պետական հիմնարկներին, որտեղ այդ կախվածությունը գրեթե ճորտական է։

Երրորդ՝ այս տարբերակը հնարավորություն է տալիս լռեցնել «Դեմ եմ» շարժման առավել ակտիվ հատվածին (ասենք՝ մի 2-3 հազար հոգու), որովհետեւ հիմա նրանք կարող են դիմում գրել եւ անձնապես իրենց հարցերը լուծել։ Չենք ասում, թե հենց այդպես էլ կլինի, բայց ամեն դեպքում՝ մի բան է, երբ մարդն անձամբ իր համար է պայքարում, եւ բոլորովին այլ բան, երբ ինքն անձնապես պրոբլեմ չունի եւ ընդհանուր սկզբունքների համար է պայքարում։ Եվ վերջապես չորրորդ՝ այս տարբերակով բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն ու ազգականները «նաղդ» ազատվում են կուտակայինի բեռից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրանք իրենց թիկունքում լավ «պապա» ունեն, գործատուի հետ պրոբլեմներ չունեն, աշխատանքը կորցնելու վախ չունեն ու հանգիստ կհրաժարվեն կուտակայինից, իսկ ահա «անտերները» իրենց նման շքեղություն թույլ տալ չեն կարող։ Նրանց պարզապես կազատեն աշխատանքից, կամ առնվազն լուրջ պրոբլեմներ կստեղծեն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031