Մեկ տարի առաջ Գորիսում տեղի ունեցած դեպքերը, երբ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը վիրավորվեց, դե յուրե շարունակում են չբացահայտված մնալ։ Սպանության համար ոչ ոք չի պատժվել. Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին ու թիկնապահը մի քանի ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ արձակվեցին հիմնավորմամբ, թե չնայած իրենք են սպանել Ավետիք Բուդադյանին եւ վիրավորել Արտակ Բուդադյանին, նրանք եղել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքով դատ չի հասնում։
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ քրեական գործը չի արտահայտում իրականությունը, այն, ինչ տեղի է ունեցել։ Եվ այսպես արվել է հատուկ. նախաքննության մարմինն առանձնապես ջանք չի գործադրել պարզելու համար, թե իրականությանը որքանո՞վ է համապատասխանում այն վարկածը, որի մասին խոսում են Գորիսում։
Ըստ վարկածներից մեկի, պատմությունն սկսել է այն բանից հետո, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Գորիսով անցնելիս զանգահարել է Ավետիք Բուդաղյանին, որի հետ բարեկամական հարաբերություններ ուներ։ Բուդադյանը, ինչպես եւ պետք էր սպասել, Սահակյանին հյուրասիրության է հրավիրել Գորիսի ռեստորաններից մեկում։ Այս մասին իմացել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ արյունը գլխին է տվել, որովհետեւ նա վիրավորական է համարել, որ ԼՂՀ նախագահը կարող է գալ Գորիս, եւ զանգել ոչ թե իրեն, այլ Ավետիք Բուդաղյանին։
Ճշտելով խնջույքի տեղը՝ Խաչատրյանն ինքն է միացել Սահակյանին ու Բուդաղյանին։ Խնջույքն անցել է տեղ-տեղ լարված մթնոլորտում, եւ երբ նրա մասնակիցները ճանապարհել են Բակո Սահակյանին, Սուրիկ Խաչատրյանը Ավետիք Բուդաղյանին առաջարկել է նստել իր մեքենան՝ ասելով, որ իրենք մեքենայով տեղ կհասցնեն Բուդաղյանին։ Ճանապարհին Խաչատրյանը իր զայրույթն ու վրդովմունքն է արտահայտել Ավետիք Բուդաղյանին, թե բա դու էդ ո՞վ դարձար, որ Ղարաբաղի պրեզիդենտը գալիս ա Սյունիք քեզ ա զանգում եւ ոչ թե ինձ։ Խաչատրյանը մեքենայի մեջ հարվածներ է հասցնում Բուդաղյանին։ Ահա այս տհաճ պատմությունով Խաչատրյանն ու Բուդաղյանը բաժանվում են։
Հետո Ավետիք Բուդաղյանն ու նրա եղբայրը Արտակ Բուդաղյանը, հայտնվում են Սուրիկ Խաչատրյանենց տան մերձակայքում, ինչի մասին պատմող տեսագրությունները հայտնի են հանրությանը։ Այդ տեսագրություններում տեղի ունեցող իրադարձությունները տարբեր մեկնաբանությունների են արժանացել։ Բայց ամենակարեւոր հանգամանքը այն է, որ տեսագրությունների ուշադիր ուսումնասիրությունը շատ հավանական է դարձնում, որ Ավետիք Բուդաղյանին սպանել են ոչ թե Սուրիկ Խաչատրյանի որդին կամ թիկնապահը, այլ ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, ով իր տան տանիքից կամ երկրորդ հարկից է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում