Խնդիրը հետեւյալն է. քաղաքացուն օրենքով թո՞ւյլ են տալիս կամավոր ընտրել՝ մտնել կուտակայինի տակ, թե՞ ոչ։ Արդյո՞ք այդ նույն կառավարությունը, օրենքով ամրագրելով, որ քաղաքացին կարող է սեփական կամքով, իր դիմումի համաձայն հրաժարվել «պարտադիրից», թույլ է տալիս, որ քաղաքացին իսկապես ազատ կամք դրսեւորի ու կարողանա գործատուին դիմում գրել համակարգից հրաժարվելու մասին։ Արդյո՞ք ՀՀԿ-ի ձեւավորած կառավարությունը, կուսակցական վաղեմի ավանդույթների համաձայն, չի գործադրի իր լծակները՝ պարտադրելով քաղաքացիներին չհրաժարվել «պարտադիրից»։
Պարզվում է, որ ՀՀԿ-ն այստեղ եւս չի հրաժարվում իր ավանդույթներից։ Արդեն իսկ բազմաթիվ բողոքներ կան տարբեր կազմակերպությունների աշխատողներից, որ իրենց ստիպում են չգրել այդ դիմումը՝ սպառնալով հակառակ դեպքում ազատել աշխատանքից։ Այս քայլին գործատուները գնում են երկու պարզ պատճառով՝ հաճոյանալու կառավարությանը կամ ուղղակի իրենք էլ իրենց հերթին են ենթարկվում սպառնալիքի ու ճնշման կառավարության կողմից։ Իսկ, ահա, պետական հիմնարկների դեպքում խնդիրն առավել քան պարզ է. կառավարությունն ուղղակի իր ենթակայության տակ գտնվող կառույցներին ստիպում է փոխանցել այդ գումարները, թե չէ, օրինակ, իրենք կզրկվեն որոշակի արտոնություններից, համայնքներին չի հատկացվի սուբսիդիա, եւ ճնշում գործադրելու բազմաթիվ նմանատիպ այլ միջոցներ։
Մի տարբերակ եւս կա. պետությունը ստիպում է տվյալ կառույցներին սեփական բյուջեից իրենց աշխատողների փոխարեն կատարել այդ մուծումները, միայն թե այս մի քանի ամիսը ձգեն, քանզի իրենք ուղղակի չեն կարող հրաժարվել այս ծրագրից, որովհետեւ, նախ, բյուջեում գումար չկա, եւ կուտակայինն ինչ-որ կերպ պետք է իրականացնել, մյուս կողմից՝ արդեն ֆոնդերի հետ գործարքներ են իրականացվել, բավական առաջ են գնացել այս հարցում եւ հիմա չեն կարող միանգամից հետ կանգնել այս ամենից, քանզի այն մի շարք բացասական հետեւանքների կհանգեցնի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև