Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանն ասաց, որ, երբեմն, դարբնի աշխատանքի կարիք է ունենում, սակայն դարբին չկա: Նման դժգոհություն մեզ շատերն են հայտնել: Ասենք՝ գյուղացու կացնի, բահի ծայրը բթացել է, կամ քար ճեղքելու համար սեպ է հարկավոր պատրաստել: Նոյեմբերյան քաղաքի վերջին դարբինը, որ ծեր մարդ էր, մեկ տարի առաջ մահացել է:
Երիտասարդներին այդ ծանր աշխատանքը չի հրապուրում: Նույն կերպ Նոյեմբերյանի տարածաշրջանում վերացավ բրուտագործությունը: Սահմանամերձ Ոսկեվան գյուղում բրուտագործ վարպետների տոհմ է եղել, որոնց ժառանգներին հիմա կոչում են Բրուտանց: Այդ արհեստի վերջին վարպետը՝ ոսկեվանցի Փաշո Ալեքսանյանը 1990-ական թվականների սկզբին ցավ էր ապրում, որ իրենից հետո հինավուրց արհեստը կարող է վերանալ: Ցավոք, այդպես էլ եղավ: Հարեւան Վրաստանում, տներում խմիչքները պահում են կավե ամաններում: Դրա շնորհիվ հեղուկները թարմ եւ անապակ են մնում: Արեւմտյան Վրաստանում, ճանապարհի եզրին կարելի է տեսնել տարբեր չափերի եւ ձեւերի կավե ամանների կույտեր: Զբոսաշրջիկները մեծ հաճույքով են գնում դրանք: Իսկ Տավուշի մարզի բնակիչներն իրենց խմիչքները պահում են քիմիական արտադրանք հանդիսացող պլաստմասե տարաներում:
Նախկինում Տավուշի մարզում տարածված է եղել պայտարությունը, հիմա մարզում դժվար է գտնվել ձիերին պայտող վարպետ: Խորհրդային տարիներին գյուղերում ուռենու շիվերից սայլակներ էին պատրաստում: Կողովագործությունը նույնպես անհետացած արհեստ է: Նմանապես վերացել են ամաններ կլեյկելու, փայտից տակառներ, սայլի ակներ պատրաստելու արհեստները: Գյուղերում այլեւս հազվադեպ են դանակ եւ մկրատ սրողները,կտորից եւ կաշվից գլխարկ կարողները, մետաղացանցե ցանկապատ գործողները: Խորհրդային տարիներին կանայք իրենց տներում ազգային ոճով գորգեր եւ կարպետներ էին գործում: Տավուշի մարզում ներկայումս քիչ թվով կանայք ու աղջիկներ են գորգեր, կարպետներ հյուսում: Ազգային հինավուրց արհեստներն աստիճանաբար անհետանում են, սակայն այս կարեւոր խնդիրը, կարծես, ոչ ոքի չի մտահոգում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ