Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալն ասաց, թե HSBC աշխատակցի հետ շփում չի ունեցել

Մայիս 13,2014 19:06

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով մեղադրվող Էդգար Կարաքեշիշյանի եւ օժանդակության համար մեղադրվող Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Այսօր հարցաքննվեց Էդգար Կարաքեշիշյանը, ով բացառեց ինչպես իր , այնպես էլ Աշոտ Առուշանյանի գողությանը մասնակցությունը: Մասնավորապես ամբաստանյալը հարցերին պատասխանելիս ասաց, թե ինքը որևէ մեկի հետ գողություն չի կատարել: Ամբաստանյալն ասաց, թե HSBC աշխատակից Աշոտ Առուշանյանի հետ համարյա թե շփում չի ունեցել, իսկ եթե հանդիպել են, ապա դա պատահական է եղել: Աշոտ Առուշանյանի հետ ըստ նրա վերջին անգամ հանդիպել են արտասահման գնալուց, նշեց… 2011թ-ն, կոնկրետ օրը չէր հիշում:
Աբաստանյալն իր ցուցմունքում նշեց, որ բանկի մոտ երբևէ չի հանդիպել Աշոտին, նույնիսկ չի իմացել, թե որ բանկում է աշխատել նա: Աշոտ Առուշանյանը իրեն որևէ տվյալ չի տրամադրել բանկի հաճախորդների մասին, առավել ևս նրան կողմից բանկ բերվող գումարի չափի և օրերի մասին: Ինչ վերաբերվում է հանգուցյալ կասկածյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքներին , ապա պնդեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ Արտաշեսն ու Աշոտն իրար ծանոթ են, թե ոչ, ինքը նրանց չի ծանոթացրել: Ինքը շատ լավ է ճանաչում Արտաշին, ով ինքնակամ առանց բռնության նման սուտ ցուցմունքներ չէր տա: Է.Կարաքեշիշյանը պնդեց, որ Էրեբունու ոստիկանության բաժնում Արտաշի նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկա, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ցուցմունքները , նաև շեշտեց, որ ինքն էլ է անցել այդ խոշտանգումների ճանապարհով: Սակայն այդ թեմայի վերաբերյալ նա չցանկացավ ցուցմունքներ տալ:

Աշոտ Առուշանյանը ցուցմունք տվեց այն մասին, թե ինչպես են իրեն փողոցից բռնել և ձեռնաշղթաներ հագցնելով տարել ոստիկանության Էրեբունու բաժին և իրեն սկզբում թվացել է, թե առևանգում են, որից հետո միլպետը և քննիչը իրեն համոզել, խաբել են, որպեսզի նա ցուցմունք տա, թե իբր տեղեկատվություն է տվել Էդգար Կարաքեշիշյանին և Արտաշես Գալուստյանին «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից բերվող գումարների չափի և օրերի մասին, որը իրականությանը չէր համապատասխանում: Ինքը նրանց ասածը չի կատարել, սակայն ստիպված է եղել հորինել մեկ այլ սուտ: Աշոտ Առուշանյանը հայտնեց նաև, որ առերեսման ժամանակ Արտաշես Գալուստյանը մի քանի անգամ իրեն ասել է, որ «կներես Աշոտ, ստիպված եմ», մի քանի անգամ հրաժարվել է, սակայն այդ ամենը քննիչի կողմից չի արձանագրվել, իսկ իր նախկին պաշտպանը առերես հարցաքննությանը տևական ժամանակով ներկա չի գտնվել: Աշոտ Առուշանյանը նշեց, որ Արտաշես Գալուստյանը զրպարտել է իրեն, ինքը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Ըստ Ա.Առուշանյանի հայտնած տվյալների առերես հարցաքննության ժամանակ Արտաշես Գալստյանը բազմիս շեշտել է «Աշոտ կներես» արտահայտությունը, որը քննիչի կողմից չի արձանագրվել, իսկ երբ ինքը հայտարարել է, որ «Արտաշ, ինչի ես սուտ խոսում, ինչի ես իմ մասին բաներ հորինում», այդ ժամանակ Ա.Գալուստյանը նույնպես հայտարարել է. «Աշոտը ճիշտ է ասում», սակայն այդ ամենը նույնպես չի արձանագրվել, իսկ Ա.Գալուստյանի վերջին ասածին քննիչը ասել , թե. «Արտաշ, գժվար, ես ինչ ես անում»: Աշոտ Առուշանյանը հայտնել էր նաև, որ առերես հարցաքննության ժամանակ, իր պաշտպանը, որը թեև իր հարազատների կողմից է ընտրվել , սակայն հարցաքննության ամբողջ ժամանակահատվածում ներկա չի գտնվել, այլ առերես հարցաքննությունը սկսվելուց հետո դուրս է եկել ինչ-որ այլ գործով տեղ գնալու համար և վերադարձել է հարցաքննության ավարտին և ստորագրել է հարցաքննության արձանագրությունը, որի պատճառով ինքը հրաժարվել է նախկին պաշտպանի ծառայություններից: Բացի այդ, քանի որ ոստիկանության աշխատակիցները իրենից պահանջում էին և համոզում էին, որ ասի, թե Էդգար Կարաքեշիշյանին և Արտաշես Գալուստյանին «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից վերցրած թղթեր է փոխանցել, որտեղ նշված է եղել թե «Մանանա Գրեյն» ՍՊԸ–ի աշխատակիցը, երբ է գումարներ բերում բանկ, որ իրեն բաց թողնեն տուն, ինքը քննիչի մոտ հորինել է և ցուցմունքում գրել որոշ հանգամանքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել` հույս ունենալով, որ իրեն այդքանը ասելուց հետո բաց կթողնեն:

Աշոտ Առուշանյանի հարցաքննությունը կիսատ մնաց և կշարունակվի մայիսի 20-ին ժամը 12:00-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031