Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որոշումը ստացվեց ինն ամիս անց

Մայիս 13,2014 18:25

2013 թ. հուլիսի 23-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում Հայկ Կալեյանի ինքնասպանության գործով կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվող վկա Արման Բոզոյանը հայտնել էր, որ ինքը ու նույն գործով վկաներ Գեղամ Սիրադեղյանը, Սարգիս Ավալյանը, Դերենիկ Սանամօղյանը 10 օրից ավել գտնվել են Ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության և նրանց ստիպել են, որպեսզի նրանք իրենց ցուցմունքներում գրեն այն, ինչ քննիչը կասի: Նույն դատական նիստի ժամանակ մեկ այլ վկա՝ Գևորգ Ղազարյանը հայտնել է, որ իրեն ոստիկանության Մարտունու բաժնից տարել են Ստեփանակերտ, որտեղ սևազգեստ անձանց կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, նրան նույնպես ստիպել են գրել այն ցուցմունքները, որոնք կթելադրի քննիչը:

Այս դատական նիստից հետո՝ 2014 թ. հուլիսի 30-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ նախկին զինվորական դատախազին (այժմյան գլխավոր դատախազ) Գևորգ Կոստանյանին: Հանցագործության մասին հաղորդման մեջ Ա. Սաքունցը խնդրում էր համապատասխան միջոցներ ձեռնարկել դատական նիստի ժամանակ վկաների հայտնած հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հանցագործության հաղորդման վերաբերյալ չստանալով որևէ արձագանք, Ա. Սաքունցի կողմից 2014 թ. ապրիլի 15-ին  ՀՀ զինվորական դատախազ Ա. Հարությունյանին ուղարկվել է դիմում՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշումը ստանալու պահանջով:

Դիմումում նշվում է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: 2014 թ. մայիսի 7-ին, հանցագործության մասին հաղորդումը ստանալուց մոտ 9 ամիս անց, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացվել է ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ Ն. Ավետիսյանի 2013 թ. օգոստոսի 16-ի քրեական գործ հարուցելու և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Քննիչի կայացրած որոշումը ամբողջությամբ` այստեղ :

 

Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031