Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ: Նշենք, որ մինչ հանդիպումը ուսանողները ներկա գտնվեցին ԱԺ արտահերթ նիստին, հետեւեցին օրենսդրական աշխատանքին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց ուսանողների այցը խորհրդարան՝ նշելով, որ իր համար կարեւոր է հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց տեսակետները, քանի որ նրանք են երկրի ապագան կերտողները: Պարոն Սահակյանը, անդրադառնալով խորհրդարանական աշխատանքի առանձնահատկություններին, նշեց, որ Ազգային ժողովը կառույց է, ուր բանավիճում եւ իրենց սկզբունքներն ու գաղափարախոսությունն են ներկայացնում տարբեր քաղաքական ուժեր, ինչի արդյունքում էլ հանրագումարի է գալիս պետության հետագա քաղաքականությունը:
Ջերմ եւ մտերմիկ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանեց ուսանողների հարցադրումներին եւ անդրադարձավ բազմաթիվ խնդիրների: Պատասխանելով ուսանողի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀ իշխանությունը հասարակության պահանջները հաշվի է առնում եւ փորձում է փոփոխություններ կատարել, որոնք կարժանանան հանրության հավանությանը: Նա վստահեցրեց, որ դրական լուծումներ կլինեն: Իսկ այն հարցին, թե նպատակահարմար էր արդյոք անցումը 12-ամյա կրթության համակարգին, պարոն Սահակյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է միջազգային կրթահամակարգերին ինտեգրմամբ եւ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով:
Խորհրդարանի ղեկավարն ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությանը, անկախացումից ի վեր պառլամենտարիզմի գրանցած հաջողություններին եւ ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ԱԺ նիստերի դահլիճում ուսանողները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Կարդացեք նաև
ԱԺ