Լրահոս
Օրվա լրահոսը

Պուատուի հայերը

Մայիս 13,2014 17:30

Ֆրանսիայի Պուատու Շաղոնթ մարզում գողտրիկ քաղաք կա՝ Պուատիե անունով: Այստեղ տարիներ շարունակ հայկական կազմակերպություն չի եղել՝ չնայած որ հայ բնակիչների թիվը, 2014 թվականի տվյալներով, կազմում է 90.625 մարդ: Տասնիննամյա Անուշ Գրիգորյանն արդեն մեկ տարի է, ինչ կարողացել է հայկական համայնք ստեղծել, որն անվանել է «Պուատուի հայեր»:

Ֆրանսիա տեղափոխվելուց առաջ Անուշը մինչև տասնհինգ տարեկանն ապրել է Արմավիրում: Ըստ իր խոսքի՝ հայրենիքն իր համար, մեկ բառով ձևակերպելու դեպքում, ամեն ինչ է. հարազատ վայր, որտեղ անցկացրել է կյանքի լավագույն տարիները: Անուշը համայնքի նախագահն է, հիմնադիրն ու կազմակերպիչը.
– Հիմնադիր դառնալուս պատճառը մեր քաղաք ոտք դնելս էր: Տեսնելով այստեղի հայերին, ովքեր ապրում են օտարների մեջ՝ առանց որեւէ հայկական նշույլի, ես «ստիպված» լուրջ քայլերի դիմեցի: Հայ մշակույթը, լինելով ամենահարուստը աշխարհում, չպետք է մոռացվի՝ անկախ գտնվելու վայրից, ու հենց այդ նպատակով հիմնեցի համայնքն ու նվիրվեցի ամբողջ հոգով: Ապրում եմ Ֆրանսիայում արդեն 4 տարի: Տվյալ պահին համայնքն ունի 223 պաշտոնապես գրանցված ու բազում ոչ պաշտոնական անդամներ: Տոների, երեկույթների կազմակերպման ընթացքում թիվը հասնում է 500-ի: Հայկական միասնականությունն առկա է ցանկացած խնդրի ժամանակ: Նույնիսկ հարևան քաղաքներում ապրող հայերն են մեզ հաճախ միանում:

-Ինչպե՞ս է կազմակերպվում Պուատուի հայերի առօրյան համայնքում:
-Հայապահպանման առաջին գործոնը լեզվի տարածումն է: Դրան պիտի հաջորդեն հայոց պատմությունը, հայ արվեստը, հայկական երգն ու պարը, հայկական խոհանոցն ու այս բոլորը մի բառով ՝ հայ մշակույթի տարածմանը նպաստող ցանկացած թեմա: Հենց դա էլ իմ նպատակն է, որը կամաց-կամաց իրագործվում է: Համայնքում ներկայումս կա երկու խմբակ. հայերեն լեզվի ուսուցում՝ հայ փոքրիկների համար, եւ ֆրանսերեն լեզվի դասավանդում՝ չափահաս հայերի համար (18-60 տարեկան) : Երկուսն էլ դասավանդում եմ անձամբ ես: Նպատակս հայ փոքրիկներին մեր մշակույթին ծանոթացնելն ու մեծահասակներին օգնելն է՝ օտար լեզվին տիրապետելու դժվարությունները հաղթահարելու գործում: Հաջորդ ամսից կսկսվի հայկական պարի դասավանդումը: Մեկ տարում հասցրել ենք մասնակցել բոլոր քաղաքային միջոցառումներին՝ Monde en fête («Աշխարհը ցնծության մեջ») , Fête de quartier («Տարածաշրջանի տոն») եւ այլ տոների, որոնց կմասնակցենք նաեւ այս տարի: Համագործակցում եմ Մշակույթի կենտրոնի եւ քաղաքապետարանի հետ:

Համայնքը նաև հասարակական ակտիվ դիրքորոշում ունի: Անուշը հաճախ է ցույցերի մասնակցում պուատուահայերի հետ՝ հայ փախստականների իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության ճանաչման հարցերով: Համագործակցում է նաև Սփյուռքի նախարարության հետ, որն աջակցում է հայկական գրքերի տրամադրմանն ու առաքմանը.
– Հայրենիքը կյանքի սկիզբն եմ համարում: Կարծում եմ, որ միայն մի հարցում ենք թերանում. երկրից հաճախ փախուստի ենք դիմում: Բայց ամենուր ստեղծում ենք մեր փոքրիկ Հայաստանն ու փորձում հայեցի ապրել:
Անուշ Գրիգորյանն ակտիվ է նաև սոցցանցերում: Աղջկա՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…» ֆեյսբուքյան էջի լայք-հավանումներն անցնում են քսաներկու հազարը: Էջի օգնությամբ Անուշը կապ է պահպանում Հայաստանում բնակվող իր ընկերների հետ, արագ արձագանքում է տվյալ ժամանակահատվածում ակտիվ քննարկվող թեմաներին, հետաքրքիր գրառումներ է անում, կիսվում երաժշտությամբ, լուսանկարներով: Միայն կարևոր պայման կա. ցանկացած հրապարակում պիտի իր մեջ հայրենիքից մի փոքրիկ կտոր պարունակի:

 

Սյունե ՍԵՎԱԴԱ

Լուսանկարում՝ Անուշն ու հայկական համայնքի անդամների մի մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031