Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները եւ փրկարարները մայիսի 7-ից որոնում են Բագրատաշենի բնակչուհի,1946թ. ծնված Էլմիրա Մելքոնյանին:
Ըստ Բագրատաշենում տարածված տեղեկությունների՝ նա տնից դուրս գալիս հարազատներին հայտնել է, թե ինքնասպանություն գործելով՝ Դեբեդ գետն է նետվելու: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը, նաեւ դժվարացավ ասել, թե կինն արդյոք ինքնասպա՞ն է եղել: Նրա խոսքերով՝ ինքնասպանություն գործելու պատճառ կարող էր լինել այն, որ կնոջ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, ամուսինն էլ հիվանդ է:
Գյուղապետը նաեւ չբացառեց, որ Էլմիրան աղբը տարել է իրենց տան հարեւանությամբ հոսող Դեբեդ թափելու, եւ գարնանային վարարումներից հորդացած գետը քշել-տարել է նրան: Էլմիրա Մելքոնյանի տունը գտնվում է մինչեւ 2006 թվականը գործած Բագրատաշենի շուկայի հետեւի մասում, Դեբեդից ոչ հեռու:
Արկադի Մակյանի վկայությամբ՝ Մելքոնյանները սոցիալական առումով միջակ ընտանիք են, զբաղվում են հողագործությամբ: Երեւանից ժամանած փրկարարները եւ Բագրատաշեն գյուղի բնակիչները գետի հայկական եւ վրացական ափերին ներկայումս որոնում են Էլմիրա Մելքոնյանին: Դեբեդի վարարած լինելը խանգարում է որոնողական աշխատանքների արդյունավետությանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև